հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկանությունում խոշտանգումները խնդիր են․ ԵԱՀԿ փորձագետն այդ մասին չգիտի

Ոստիկանությունում խոշտանգումները խնդիր են․ ԵԱՀԿ փորձագետն այդ մասին չգիտի

ՀՀ ոստիկանությունում ամենամեծ խնդիրը խոշտանգումներն են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագետ Արտակ Կիրակոսյանը։ Ինչպես ԱԺ֊ից փոխանցում է Epress.am-ի լրագրողը, ոստիկանության հաշվետվողականության, թափանցիկության և խորհրդարանական վերահսկողության մասին ԱԺ լսումների ժամանակ մասնակիցները փոքր ինչ շեղվել են հիմնական թեմայից և ավելի շատ անդրադարձել են խոշտանգումների հիմնահարցին և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը:

«Այս մասին հենց ինքը՝ ոստիկանապետը խոսում է, բայց, չգիտես ինչու, երբ մենք ենք ասում, նեղանում են», – իր ելույթի ժամանակ նկատել է Կիրակոսյանը:

Ըստ բանախոսի՝ չկա բավարար ֆինանսավորում Ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնելու համար, և այդ գործը մնացել է միայն ՄԻՊ գրասենյակի փոքրաթիվ խմբի ուսերին:

Կիրակոսյանի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ ոստիկանության համակարգում ստեղծված կարգապահական հանձնաժողովը փաստացի չի գործում, քանի որ այն կարող է քննել միայն հավաքների ընթացքում կոպիտ խախտումներ թույլ տված ոստիկանների գործերը, այն էլ՝ եթե դրանցով ոստիկանությունում սկսվել է ծառայողական քննություն:

«Այս դրույթը խիստ սահմանափակում է հանձնաժողովի իրավասությունները և այն դարձնում ոստիկանների իրավունքների պաշտպանության կառույց: Մեր կազմակերպությունն այդ հանձնաժողովի մաս էր կազմում, բայց այս վիճակը տեսնելով՝ դուրս ենք եկել», ֊ ասել է Կիրակոսյանը:

Նա ընդգծել է, որ խոշտանգումների դեպքերը քննող ընդամենը մեկ-երկու գործեր են ավարտվել դատավարությամբ և ոստիկանների դեմ վճիռներով: ՀԿ֊ի ներկայացուցչի պնդմամբ՝ խոշտանգողներին համաներմամբ պատժից ազատելով՝ ՀՀ-ն խախտել է իր միջազգային պարտավորությունները:

«Նշանակալից է, որ իր մեղքն ընդունած մի ոստիկան պատժից ազատվել է միայն զղջալու և ոստիկանական համակարգը լքելու խոստման դիմաց», ֊ ասել է Կիրակոսյանը:

Բացի խոշտանգումների թեմայից, փորձագետն անդրադարձել է ոստիկանության «02» հաղորդաշարին՝ նշելով, որ այն հաճախ խախտում է անմեղության կանխավարկածը:

Չնայած հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները հաճախ են բարձրաձայնում ոստիկանության համակարգում խոշտանգումների խնդրի մասին, նիստին մասնակցող ԵԱՀԿ փորձագետ Թորսթեն Ստոդիեկը նման հարց չի բարձրացրել։ Իր ելույթում նա միայն ընդգծել է օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

Խոշտանգումների մասին Epress.am-ի հարցին պատասխանելով՝ նա ասել է, որ որևէ վիճակագրական տվյալ չունի, թե ոստիկանությունում խոշտանգումներ են եղել:

«Եթե այդպիսի բան իրոք կա, հնարավոր է հարցը լուծել քաղաքացիական հասարակությանը վերահսկողական մեխանիզմների մեջ ներգրավելով», – նշել է Ստոդիեկը:

ԵԱՀԿ ներկայացուցչի գնահատմամբ՝ իրենց կողմից տրամադրված դրամաշնորհները Ոստիկանությունը պատշաճ կերպով է օգտագործել և իրենք գոհ են կատարված բարեփոխումներից: 

Լուսանկարում՝ ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթի մասնակիցներից մեկին