Չնայած օրենքի պահանջին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի պատասխանել «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ֊ի գրությանը, որում կազմակերպությունը խնդրում է հանրաքվե անցկացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցի շուրջ հասարակական կարծիքի բացահայտման նպատակով:
ՀԿ֊ն տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ իրենք նույն հարցով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին և պատասխան են ստացել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից (լուսանկարում)․
«Ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ձեր դիմումի, որում դուք առաջարկում եք նախաձեռնել հանրաքվե՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցի շուրջ հասարակական կարծիքի բացահայտման նպատակով, տեղեկացնում ենք, որ առկա են այդ խնդրի շուրջ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված սոցիոլոգիական հարցումների արդյունքներ»։
Նամակում ներկայացված են նաև armenpress.am և 168.am կայքերի հղումներ։
ՀԿ֊ն ընդգծում է՝ թեև պատասխան գրությունում նման բան ուղղակիորեն գրված չէ, սակայն ստացվում է, որ, ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, սոցհարցումը կարող է փոխարինել հանրաքվեին:
«Ենթադրաբար, նույն տրամաբանությամբ, կարելի է այլևս ընտրություններ չանել: Նշենք, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 8.1 հոդվածը նախատեսում է, որ Կառավարությունը անց է կացնում հանրաքվե` պետական կյանքի կարևորագույն հարցերի շուրջ հասարակական կարծիքի բացահայտման նպատակով», ֊ մասնավորապես, ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի հաղորդագրության մեջ: