Բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության աշխատակիցները գերազանցում են իրենց լիազորությունները՝ ակտիվորեն խառնվելով քաղաքական գործընթացներին։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանները հատկապես ագրեսիվ են իրենց պահում, երբ բողոքի ակցիաները վերաբերում են արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, Ռուսաստանին առնչվող հարցերին։ Որպես օրինակ նա նշել է 2014 թվականի նոյեմբերի 14-ը, երբ քաղաքացիները Սահմանադրական դատարանի մոտ բողոքում էին Հայաստանի՝ ԵՏՄ֊ի անդամակցության դեմ՝ ցանկանալով մասնակցել ՍԴ֊ի նիստին, և 2013 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևանում բողոքի ակցիա էր կազմակերպվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ։ Հովհաննիսյանի խոսքով՝ նոյեմբերի 14-ին ոստիկանությունը առանց լուրջ պատճառի հեռացրել է մարդկանց ՍԴ֊ի շենքի մոտից, իսկ մի մասին էլ ստիպել է անցնել դիմացի մայթ։
«Ոստիկանները ցուցադրում են, որ հանրությունը հավաքվելու իրավունք չունի, երբ քննվում է Ռուսաստանի հետ կապված որևէ խնդիր», ֊ ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ոստիկաններն իրենց գործողություններով, փաստորեն, ուշադրությունը շեղում են ակցիայի բուն նպատակից։
Նոյեմբերի 14-ի ակցիայի մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ, պատմաբան Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ ակցիայի ընթացքում ոստիկանները որևէ իրավական պահանջ չեն ներկայացրել, չեն հիմնավորել իրենց գործողությունները։
«Օրինակ, նրանք անընդհատ ասում են, որ քաղաքացիները սահմանափակում են այլոց ազատ շարժվելու իրավունքը, բայց նոյեմբերի 14-ին իրենք ցուցարարներից 2 անգամ ավել էին, և հիմնական սահմանափակողն իրենք էին։ Իրենց կազմվածքով մի 20 հոգի, երբ մայթի վրա կանգնում են, մայթը փակվում է», ֊ ասել է Հարությունյանը։
Քննարկման մասնակից, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշել է, որ նոյեմբերի 14-ին ոստիկանների կողմից խաղաղ հավաքի սահմանափակումն անօրինական էր։ Նրա խոսքով՝ եթե անգամ օրենքը նախատեսում է որևէ սահմանափակումներ, դրանք պետք է լինեն պիտանի և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության համար։
«Տվյալ դեպքում այն, ինչ որ կատարվել է, ոչ միայն օրինական չէ, այլ նաև անհրաժեշտ չի ժողովրդավարական հասարակարգում», ֊ ասել է Զեյնալյանը։
Իրավապաշտպանն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի նիստը, չնայած գրավոր ընթացակարգով էր ընթանում, դռնբաց էր, ու դրան կարող էր մասնակցել յուրաքանչյուր ոք, անձանց չէին կարող թույլ չտալ մուտք գործել Սահմանադրական դատարանի դահլիճ։ Բանախոսն ասել է նաև, որ եթե մրցակցության մեջ են մտնում ազատ տեղաշարժի իրավունքը և հավաքների ազատության իրավունքը, ապա նախապատվությունը պետք է տրվի վերջինիս, քանի որ դա ծայրաստիճան հիմնարար իրավունք է և հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմքը։ Ոստիկանության առաքելությունն է անել այնպես, որ ոչ ոք չմիջամտի քաղաքացիների հավաքն անցկացնելու իրավունքին, ինչը, Զեյնալյանի խոսքով, նոյեմբերի 14-ին չի արվել։
Իրավապաշտպանը նկատել է, որ, 2008 թվականից հետո, երբ ընդունվեց «Հավաքների ազատության մասին» նոր օրենքը, ոստիկանների վարքը ինչ֊որ չափով շտկվել էր, սակայն վերջին երկու տարիների ընթացքում այն հետընթաց է ապրել։ Իրավապաշտպանը դա պայմանավորել է իշխանությունների ոչ լեգիտիմ լինելով, քանի որ, ըստ Զեյնալյանի, լեգիտիմ իշխանությունները կարիք չունեն զորքով պաշտպանվել ժողովորդից։
Բանախոսը նշել է նաև, որ ԵՏՄ֊ին անդամակցելուց հետո Հայաստանն ավելի շատ կնմանվի այդ Միության մյուս երկրներին՝ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին, որտեղ մարդու իրավունքները հաճախ են ոտնահարվում։