ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին 2012 թվականի Հունգարիայից արտահանձնված Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար։ Այս մասին ասված է Հանձնաժողովի կողմից երեկ ընդունած բանաձևում։ Սաֆարովը 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կացնահարել էր քնած հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանին։ 2012 թվականի օգոստոսին նրան արտահանձնել էին Ադրբեջան, որից հետո Սաֆարովն ազատ էր արձակվել։
ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը համարել է, որ Սաֆարովի դեպքում Ադրբեջանը միջազգային հարաբերություններում խախտել է վստահության սկզբունքը և օրենքի գերակայությունը։
Բանաձևում նշվում է, որ, Հունգարիայի դատարանի վճռի համաձայն, Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման առանց ազատ արձակվելու իրավունքի 30 տարվա ընթացքում, մինչդեռ Ադրբեջանում դատապարտյալին ընդունել են ազգային հերոսի նման և անմիջապես ազատ արձակել։ Բանաձևն ընդգծում է, որ միջազգային հարաբերություններում վստահության սկզբունքի և օրենքի գերակայության համաձայն, միջքազգային համաձայնագրերը պետք է մեկնաբանվեն դրանցում նշված նպատակներին համապատասխան։