Home / Հայաստան / Բնապահպանները նախարարությանն առաջարկում են լրջորեն բարձրացնել տուգանքների չափերը

Բնապահպանները նախարարությանն առաջարկում են լրջորեն բարձրացնել տուգանքների չափերը

Տավուշի մարզում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը շահագործող «Մեգաէներջի» ընկերությունը հերթական անգամ ամբողջովին ջրազրկել է Պաղջուր գետը: Այս մասին Բնապահպանության նախարարությանն ահազանգել են նոյեմբերի 13-ին Տավուշի մարզ այցելած Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ներկայացուցիչները։ ՀԲՃ֊ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բնապահպան ակտիվիստները նմանատիպ դեպք էին գրանցել նաև օգոստոսի 14-ին, որից հետո «Խաչաղբյուր-1» և «Գետիկ-4» ՓՀԷԿ-երը տուգանվել էին 100 հազար դրամով, իսկ «Խաչաղբյուր-2»-ը խուսափել էր որևէ պատիժ կրելուց։

Նոյեմբերի 13-ին բնապահպանների ահազանգից մոտ 1,5 ժամ անց, տարածք են եկել ինչ-որ մարդիկ, որոնք բացել են «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի ջրառի հանգույցի փականները, ու գետի ջուրը սկսել է հոսել իր բնական հունով:

«Ակնհայտ է, որ եթե այդ գործողությունից հետո բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն այցելեն վերոնշյալ փոքր ՀԷԿ-երի ջրառի հանգույցների տարածք, ապա ականատես կլինեն բոլորովին այլ պատկերի: Բացի դա, եթե նույնիսկ նշանակվի 100 հազար դրամ տուգանք, ապա դա այնքան փոքր գումար է, որ ոչ մի կերպ չի կարող զսպել որոշ տնտեսվարողների չափազանց մեծ ախորժակը», ֊ նշում են բնապահպանները:

Ստեղծված իրավիճակում ՀԲՃ֊ի ակտիվիստները դիմում են ՀՀ բնապահպանության նախարարին, մասնավորապես, առաջարկելով նման դեպքերում առաջնորդվել նաև հանրության կողմից ներկայացված ակնհայտ փաստերով և դրանց հիման վրա կայացնել համապատասխան որոշումներ, քանի որ նմանատիպ խախտումները հնարավոր է բացահայտել միայն անակնկալ այցերի, այլ ոչ թե բոլորին նախապես հայտնի ստուգումների միջոցով: Բացի դա, ՀԲՃ֊ն առաջարկում է լրջորեն բարձրացնել բոլոր տեսակի բնապանպանական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը և խստացնել պատժամիջոցները հատկապես այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնց մոտ այդ խախտումները կրում են պարբերական բնույթ: 

 

1khachaghbyur

2khachaghbyur

Լուսանկարները՝ armecofront.net