Ինչպիսի՜ սխրագործություն։ Խնդրում եմ՝ չթերագնահատել։ Նախարար Գարաևի այս արարքն անգամ կարելի է համեմատել հայկական ուղղաթիռ խոցած Իլքան Մուրադովի սխրագործության հետ։
Եթե այդպես չլիներ, հազիվ թե Մշակույթի նախարարության կայքում հայտնվեր «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին կանխվեց լավաշի հայականացումը» խորագրով հոդված։
Մենք նման լուրերի ծարավ ենք։ Ինչպես ասում են մարզական լրագրողները, այս հաղթանակը մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է, ու հետևաբար, պետական մակարդակով պետք է նշենք լավաշի հայականացման նման խիզախ կանխումը (ճիշտն ասած՝ այս ուտեստի անվանումն արժի արդեն մեծատառով գրել)։
Կատակ բան չէ՝ հայերն ուզում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում Լավաշը գրանցել որպես «հայկական հաց», անգամ պատրաստման եղանակն էին կցել։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է․ «Հարցի վերաբերյալ ադրբեջանական կողմի բողոքի շնորհիվ՝ Հայաստանի սադրանքը կանխվեց»։ Պատասխան հարվածները լռեցրեցին հակառակորդին։ Մեր իրավասու անձինք, Լավաշը բրդուճ անելով, չոր ու ցամաք հայերի բերանները մտցրեցին, ասեցին՝ դե կերեք։
Միջազգային հանրությունն այս հարցի շուրջ լռում է։ Եթե չլիներ Մշակույթի նախարարության աշխատակիցների զգոնությունը, Լավաշը մեզ համար կորած էր, իսկ միջազգային հանրության ներկայացուցիչները, այստեղ֊այնտեղ լավաշ ծամելով, ասելու էին․ «Էս հայկական հացն ի՜նչ համով ա»։ Խայտառակությու՜ն։ Ու եթե մեր ինչ֊որ հյուր, որ նախկինում կերել է հայերի լավաշը, մեր Լավաշը փորձելուց հետո ասի՝ «Մմմմ, վատ հայկական լավաշ չեք սարքում», մենք պետք է նրա կերածը քթից բերենք։
Թող հայը խելքը գլուխը հավաքի ու նման սադրանքներին վերջ տա։
Ու, վերջապես, երկար տարիների համատեղ՝ մեկ մարդու նման կատարումից հետո մոտ ենք «Սարի գելին» երգի վրա մեր կնիքը դնելուն։ Սամի Յուսիֆը (թող Ալլահը նրան օրհնի) վերջին անգամ «Սարի գելին»֊ն այնպես է երգել, որ հիմա Սիրուշոն ինչքա՜ն պետք է փորձի, նույնիսկ՝ ստիպված լինի նոր գործիքավորում անել, որ կարողանա ավելի լավ երգել։
Դոլմայի համար պատերազմում, սակայն, դեռևս հավասար ենք․ ոչ մենք ենք կարողանում հաղթել ու հայերից խլել դոլմայով կաթսան, ոչ հայերը՝ մեզնից։ Պայքար է ընթանում անանուն բարձունքների համար, ուր անգամ խաղողի որթը չի հասնում։
Կա հավանականություն, որ Լավաշի պատերազմից հետո հերթը հասնելու է սաջին (երկաթե կամ չուգունե դիսկ, որի վրա թխում են լավաշը — Epress.am), խնոցիին ու ճախարակին։ Արդեն հիմա պետք է զգոնություն դրսևորել և տանել ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակ մտցնել մեր ունեցած֊չունեցածը։ Սկսած հյուսքից․․․Եթե մեր ամբողջ ոչ նյութական հարստությունն անտեր թողնենք, կարող ենք ամեն ինչ կորցնել։
Կապրենք՝ կտեսնենք․ մեր հարևաններն այնպիսի երես ու ուղեղ ունեն, որ մեկ էլ տեսար աթարն ու թրիքը ՅՈՒՆԵՍԿՕ֊ում գրանցեցին որպես «հայկական վառելանյութ»․ դե հետո արի ու ապացուցի, որ մենք ենք պատմությամբ ունեցել Աղոյունլու և Ղարաղոյունլու պետություններ (աղ ղոյուն՝ սպիտակ գառ, ղարա ղոյուն՝ սև ոչխար ֊ Epress.am):
Ով գիտի՝ մեր խեղճ գիտնականները քանի գիտական հոդվածներ ու մենագրություններ են ստիպված լինելու գրել աթարի ու թրիքի հայականացման այդ սադրանքի դեմ։
Գուցե նույնիսկ ստիպված լինենք Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում բացել աթարագիտության բաժին։
Տեսնում եք, հարգելի հայրենակիցներ, երկու հարևանների միջև հարաբերություններն իջել են փալասի ու քիլիմի մակարդակին (ի դեպ, փալասն ու քիլիմն էլ են մերը), ու պատերազմն արդեն ընթանում է սաջի ու գրտնակի համար (Palaz և kilim՝ կարպետ, գորգ ֊ Epress.am):
Եկեք, սակայն, խոստովանենք, որ եթե վաղը հայերը ցանկանան ՅՈՒՆԵՍԿՕ֊ում գրանցել թթի օղի պատրաստելու սարքը, մենք չպետք է միջամտենք այդ վեճին ու պետք է թթի օղի պատրաստելու սարքը զիջենք հայերին, քանի որ հայերից լավ թթի օղի ոչ ոք չի պատրաստում։
Իսկ մեր նախնիները կումիս ու մոնղոլական արաղ պատրաստելու մասնագետներ էին։
Մի խոսքով, հայերից վարակվել ենք նրանց հիվանդությամբ։ Չգիտեմ, գուցե ասեք՝ նրանց հետ այլ կերպ հնարավոր չէ։ Բայց լավաշի, քամանչայի, դոլմայի, երգերի, ճախարակի համար պատերազմն ինձ մի փոքր անվայել է թվում․․․
Սամիր Սարի
Հոդվածի բնօրինակը՝ musavat.com կայքում