Տնտեսական գործունեության արդյունքում Սյունիքի մարզի Ողջի գետի էկոլոգիական հոսքը նվազել է 180 անգամ, հայտնում է «Էկոլուր» բնապահպանական ՀԿ֊ն՝ հղում կատարելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի «Ողջիի գետավազան. ճնշում-ազդեցություն վերլուծություն» փաստաթղթին։
«Մեծ ջրառի արդյունքում Ողջի գետի Քաջարան քաղաքի հատվածում օգոստոսից մինչև փետրվար չի պահպանվում էկոլոգիական հոսքը: Օգոստոսից փետրվար ամիսների համար գետի էկոլոգիական հոսքը հաշվարկվել է 0.18մ3/վրկ, մինչդեռ հոսքը դիտվել է 0,001մ3/վրկ»,- նշված է Փաստաթղթում:
«Էկոլուրը» գրում է, որ Քաջարան քաղաքի արդյունաբերական հսկան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Ողջի գետի` Գեղի գետի միախառնումից մինչև Կապան քաղաքն ընկած հատվածում էլ Ողջիի գետավազանի էկոլոգիական հոսքը չեն պահպանում 7 փոքր ՀԷԿ-երը, իսկ գետավազանում կառուցման փուլում են ևս 6 ՓՀԷԿ։