Ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող բյուջետային միջոցները վերջին 3 տարվա ընթացքում աճում են բավական աշխույժ տեմպերով, «Ասպարեզ»֊ի այսօրվա համարում գրում է օրաթերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը։ 2014 թվականի պետբյուջի համեմատ 2015֊ի բյուջեում ամենամեծ աճն են արձանագրել «Բնապահպանություն» և «Հանգիստ, մշակույթ և կրոն» բաժինները՝ 24.93֊ական տոկոս, ապա ԱԱԾ֊ն՝ 23․14 տոկոս։
Եթե 2014-ին ԱԱԾ֊ին ծրագրվում էր հատկացնել 16,27 միլիարդ դրամ, ապա 2015-ի համար՝ 20,04 միլիարդ դրամ։ 2011 թվականի համեմատ ԱԱԾ֊ի ֆինանսավորումն աճել է 57,23 տոկոսով։ Այդ առնչությամբ Բարսեղյանը նշում է, որ Հայաստանի բոլոր համայնքների հավաքական ֆինանսավորումը 4 տարում աճել է հազիվ 1 տոկոսով։
Հոդվածագիրը նաև ընդգծում է, որ ԱԱԾ֊ի և ՀՀ ոստիկանության ֆինանսավորման աճն անհամեմատելի մեծ է պետբյուջեի միջոցների աճից։ Մասնավորապես, 2014 թվականին պետբյուջեն աճել է 8.12 տոկոսով, մինչդեռ ոստիկանության ֆինանսավորումը 2013-ի համեմատ՝ 14 տոկոսով, իսկ ԱԱԾ֊ինը՝ 15.79 տոկսով։ 2015֊ին պետբյուջեի ծրագրված աճը 4.31 տոկոս է․ ոստիկանությունը 2014֊ի համեմատ կստանա 14.89 տոկոսով ավել գումար, իսկ ԱԱԾ֊ն՝ 23.14 տոկոսով։
«Ակնհայտ է, որ պետական իշխանությունը՝ Բաղրամյան 26-ի գլխավորությամբ, տարեցտարի հետևողականորեն ամրացնում է այդ հիմնարկները, երևի զգուշանալով իրենց սահմանած «սահմանադրական կարգի» գլխին կուտակվող ամպերից։ Բացառված չէ, որ ուղղակի պարանոյայի հետ գործ ունենք», ֊ նշում է Լևոն Բարսեղյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում