Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրել իր անձնակազմի մասին։ Ինչպես հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքը, պահանջի քննությունը կայացել է նոյեմբերի 11-ին ՀՀ վարչական դատարանում։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ավելի վաղ դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քանի ծառայող է աշխատում, նրանցից քանիսն են ղեկավար պաշտոնում, քանիսը՝ շարքային, քանիսն են արական սեռի, քանիսը՝ իգական: Սաքունցը խնդրել էր տեղեկատվությունը տրամադրել ըստ կոչումների:
Տեղեկատվության տրամադրումը մերժվել էր «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» հրամանի գաղտնի լինելու պատճառաբանությամբ: Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը հայտնել է, որ ոստիկանության կողմից վկայակոչված հրամանը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է իրավական ակտ, իսկ ՀՀ սահամանդրության 6-րդ հոդվածի համաձայն, այն կարող էր ուժի մեջ մտնել միայն սահմանված կարգով հրապարակվելուց հետո: Այդ ակտը չի հրապարակվել ՀՀ պաշտոնական տեղեկագրում կամ ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում, իսկ չհրապարակված իրավական ակտերն իրավական ուժ չունեն:
Ոստիկանության ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը, իր հերթին, նշել է, որ տեղեկատվության տրամադրման մերժումը եղել է իրավաչափ: Մասնավորապես, ոստիկանության ներկայացուցիչը վկայակոչել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք:
Ավետիսյանն իր առարկություններում վկայակոչել է ՀՀ կառավարության կողմից 1998 թվականին ընդունված հրամանը, որով սահմանվում են պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը: Ավետիսյանը հայտնել է, որ այդ հրամանը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում և պարտավորվել է դատարան ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության կողմից կնիքված և համապատասխան գրանցման համարի նշմամբ ակտը: Դատարանը, կարևորելով ՀՀ արդարադատության նախարարությունում ակտի գրանցված լինելու հանգամանքի ստուգումը, անհրաժեշտ է համարել համապատասխան հարցում կատարել ՀՀ արդարադատության նախարարություն, որի պատասխանը ստանալուց հետո սույն գործով կնշանակվի ևս մեկ դատական նիստ: