Հայաստանում մարդու իրավունքների վիճակը 2014 թվականին մնացել է անհարթ: Իշխանությունները շարունակել են միջամտությունը խաղաղ ցույցերին: Ձերբակալության վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի խնդիրը դեռևս առկա է, իսկ հետաքննություններն` անարդյունավետ, նույնիսկ բաց իրականացվելու պարագայում: Այս մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2015 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերող մասում։
Ըստ զեկույցի՝ անցյալ տարի Հայաստանում լրագրողները ենթարկվել են ճնշման ու բռնության։ Թեև այլընտրանքային ծառայության կիրառումն արժանացել է դրական գնահատականի, բանակում շարունակում են լուրջ խախտումներ գրանցվել։ Տեղական դիտորդական խմբերը հոգեբուժարաններում գրանցել են հիվանդներին հարկադիր բուժելու դեպքեր։ Երկրում առկա լուրջ խնդիրներից է նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունն ու խտրականությունը։
Հավաքների ազատություն
Իշխանությունները ընթացիկ տարվա ընթացքում միջամտել են հավաքների ազատությանը: Ըստ իրավապաշտպան խմբերի, մայրաքաղաք Երևանում, ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 70 ակտիվիստների 2014 թվականի առաջին կիսամյակում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների, բնապահպանական խնդիրների, կոմունալ վարձավճարների և այլ հարցերի շուրջ իրականացվող բողոքի խաղաղ ցույցերի ժամանակ: Ձերբակալված անձանց մեծ մասն ազատ է արձակվել մեկ օրվա ընթացքում, որոշները ենթարկվել են վարչական տույժերի:
Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ հայտարարել են, որ հեռացվել են աշխատանքից՝ փետրվարին վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով։
Հունիսին կայացած մի շարք բողոքի ցույցերի ժամանակ, Երևանի ոստիկանությունը բերման է ենթարկել Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ բողոքող ակտիվիստներին։
Հունիսի 23֊ին ոստիկանությունը բերման է ենթարկել էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման դեմ բողոքող 27 քաղաքացու։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ոստիկանության գործողությունները համարվել են անհամաչափ: Ոստիկանության գործողություններն ուսումնասիրելու նպատակով իշխանությունները նախաձեռնել են հետաքննություն և դադարեցրել այն՝ թողնելով որոշ ոստիկանների հարցաքննությունները անավարտ:
Տեղական իրավապաշտպանները գտնում են, որ քաղաքական ընդդիմության վիճահարույց առաջնորդ Շանթ Հարությունյանի և իր 13 կողմնակիցների նկատմամբ հետապնդումը և դատապարտումն ունեն քաղաքական դրդապատճառներ։
Հունիսին, ակտիվիստների դատավարության առաջին դատական նիստին, իշխանություններն արգելել են լրագրողների և ընտանիքի անդամների մուտքը դատարանի դահլիճ՝ դատարանի դահլիճի գերբեռնվածության կեղծ հիմնավորմամբ:
Խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը կալանավայրերում
Տեղական իրավապաշտպանները հաղորդում են, որ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ազատազրկման վայրերում շարունակվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերը, այդ թվում, ոստիկանության բաժանմունքներում, նախնական կալանքի վայրերում, ինչպես նաև բանտերում և այլ հիմնարկներում: Բռնությունների որոշ զոհեր բողոքներ են ներկայացնում, շատերը հրաժարվում են՝ վախենալով վրեժխնդրությունից և հետագա դաժան վերաբերմունքից: Իշխանությունները ոչ միշտ են իրականացնում մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն:
Հայաստանում գործող «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության համաձայն՝ իշխանությունները հրաժարվել են քննության առնել մեղադրանքներն այն մասին, թե Երևանի ոստիկանները ծեծի են ենթարկել 16֊ամյա Հայկ Աղամալյանին, սպառնացել վնասել նրա հարազատներին՝ ստիպելով խոստովանել իր մեղքը 2013 թվականի ապրիլին իրականացված սպանության մեջ։ Նմանապես, իշխանություններն ու Վանաձորի դատարանը հաշվի չեն առել Կարեն Կունգորցևի հայտարարություններն այն մասին, թե ոստիկաններն իրեն ենթարկել են խոշտանգումների՝ 2013 թվականի հոկտեմբերի սպանության մեղադրանքով ձերբակալելուց հետո։ Կունգորցևն իր դեմ առաջադրված մեղադրանքները չի ընդունում․ նրա նկատմամբ դատավարությունը շարունակվում է։
Ապրիլի 4-ի այցելությունից հետո, բանտերում հասարակական մոնիտորինգ իրականացնող դիտորդական խումբը հայտարարել էր, որ ըստ Արթիկ քրեակատարողական հիմնարկի երկու կալանավորների պնդման, Գյումրիի ոստիկանությունը վերջիններիս տարբեր ժամանակահատվածներում ենթարկել էր դաժան վերաբերմունքի, այդ թվում նաև ծեծի, ինչպես նաև սպառնացել բռնաբարությամբ՝ ստիպելով խոստովանական ցուցմունքներ տալ: Հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:
Հունիսի 12֊ին ոստիկանները ձերբակալել են ու ծեծի ենթարկել Հայկ Կյուրեղյանին, , ով դատական նիստի ընթացքում բողոքի ցույց էր անում երևանյան դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն Հարությունյանի և այլ ակտիվիստների: Դաժան վերաբերմունքի վերաբերյալ Կյուրեղյանի հայտարարությունների լայնածավալ լուսաբանման արդյունքում, իշխանությունները հետաքննություն սկսեցին, որը դեռևս ընթացքի մեջ է:
Խոսքի ազատություն
Մեդիա բազմակարծությունը մնում է սահմանափակ: ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) դատապարտել են օրինագիծը, որը պատասխանատվություն էր նախատեսում լրատվամիջոցների նկատմամբ` հանրային ֆորումներում, այդ թվում նաև սոցիալական ցանցերում, անանուն կամ անհայտ օգտատերերի կողմից արված զրպարտչական կամ վիրավորական մեկնաբանությունների հրապարակման համար:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդում է, որ 2014թ. առաջին կիսամյակում շարունակվում են սպառնալիքներն ու շինծու դատական հայցերը լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ, և արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության առնվազն հինգ դեպք:
Մասնավորապես, փետրվարի 12֊ին ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների ժամանակ ոստիկանները խլել են «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի և iLur.am կայքի լրագրող Սարգիս Գևորգյանի տեսախցիկներն ու կարճ ժամանակով բերման ենթարկել նրանց։
Կալանքի տակ գտնվելու ընթացքում, ոստիկանությունը ջնջել է տեսախցիկների մեջ առկա տեսաձայնագրությունները, ապտակ հասցրել Անի Գևորգյանին և խլել նրա հեռախոսը: Գևորգյանի բողոքի հիման վրա իշխանությունները քրեական հետաքննություն սկսեցին, սակայն կարճեցին գործը հունիսին՝ հիմնավորելով այդ քայլը հանցակազմի բացակայությամբ: Գևորգյանը բողոքարկել է դատարանի վճիռը: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մեդիա ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել միջադեպի առթիվ:
Հունիսի 24-ին, լրագրողներ և այլոք սպասում էին Երևանի ոստիկանության բաժիններից մեկի դիմաց, մինչ ազատ կարձակվեին նույն օրն ավելի վաղ բերման ենթարկված ակտիվիստները: Ամբոխը ցրելու ընթացքում ոստիկանությունը հարձակվել է նաև մի քանի լրագրողների վրա: Ոստիկանությունը հարվածել էր Անի Գևորգյանին, CivilNet.TV-ից Արփի Մախսուդյանին և ջարդել ԳԱԼԱ հեռուստաընկերության օպերատոր Փայլակ Ֆահրադյանի նոութբուքը: Ոստիկանությունը ձերբակալել է Սարգիս Գևորգյանին: Անի և Սարգիս Գևորգյանները բողոք են ներկայացրել դատարան: Հետաքննությունը դեռևս շարունակվում է:
Հունիսի 26֊ին, դատարանը պահանջել է, որպեսզի «Հրապարակ» օրաթերթն ու Ilur.am կայքը բացահայտեն իրենց աղբյուրները՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ քրգործի շրջանակում։ Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել տվյալ որոշման վերաբերյալ՝ ընդգծելով, որ լրագրողների՝ աղբյուրներին պաշտպանելու իրավունքը հետաքննական լրագրության և խոսքի ազատության հիմնական սկզբունքներից է։
Բարեփոխումներ այլընտրանքային զինվորական ծառայությունում և խախտումներ բանակում
Համաձայն Ֆորում 18 կրոնական ազատություններն ուսումնասիրող դիտորդական խմբի, 1993թ.-ից մինչ այժմ առաջին անգամն է, որ չկան կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից խուսափելու համար բանտարկված Եհովայի վկաներ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փաստահավաք առաքելության հունիսի զեկույցը ցույց տվեց, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքում 2013թ. կատարված փոփոխություններն վերացրել են վաղեմի խնդիրները, և որ կրոնական և սոցիալական խմբերի մեծ մասն ընդունում է այլընտրանքային ծառայության պայմանները:
Այդուհանդերձ, դեռևս առկա են բանակի հետ կապված այլ մտահոգություններ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013թ. ձմեռային և 2014թ. ամառային զորահավաքներից հետո ստացել է 42 դիմում-բողոք ոչ համարժեք բժշկական զննության և նորակոչիկների բժշկական խնամքի վերաբերյալ, ինչի արդյունքում առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդներ զորակոչվել են բանակ։
Որոշ դեպքերում, առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չեն ուղարկվել լրացուցիչ զննության, կամ լրացուցիչ զննությունը կրել է ձևական բնույթ: Ակտիվիստներին շարունակում է մտահոգել ոչ մարտական գործողությունների հետևանքով տեղի ունեցող կորուստների հետաքննության խորությունը, թափանցիկությունը և անաչառությունը, որոնք պաշտոնապես արձանագրվում են որպես պատահարներ կամ ինքնասպանության դեպքեր, չնայած նրան, որ առկա են լինում բռնության ապացույցներ:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրության է ենթարկել հինգ պետական հոգեբուժական հաստատություններ ու զրուցել բժշկական անձնակազմի ավելի քան 300 անդամների ու հիվանդների հետ՝ պարզելով, որ իրական կամ ենթադրյալ հոգեբանական հիվանդությունների ունեցող որոշ մարդիկ այդ հաստատություններում գտնվում են առանց իրենց համաձայնության։
Փոքրամասնությունների իրավունքներ
ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները հայտնում են, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգության ու բռնության։ Նրանց դեմ առկա ատելության խոսքը, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից, լուրջ խնդիր է։ Գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը ներառված չեն խտրականության ու ատելության խոսքի դեմ օրենքներում՝ խրախուսելով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ իրականացվող հանցանքների անպատժելիությունը։ Որպես օրինակ իրավապաշտպան կազմակերպությունը նշում է «Իրավունք» օրաթերթի օգտին կայացված վճիռը։
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։