ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ դատախազությանն ուղարկված միջնորդությունը այժմ քննարկվում է ռուսաստանցի գործընկերների կողմից, ասված է ՀՀ դատախազության տարածած հայտարարության մեջ։ Կոստանյանը միջնորդել էր հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակման վերաբերյալ հայտարարություններին, ապա տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, մասի 3-րդ կետի համաձայն այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել:
ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցի շուրջ անհիմն, ոչ մասնագիտական կարծիքներ հայտնելուց», ֊ ասված է ՀՀ դատախազության հայտարարության մեջ:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչական դատարանում պահանջում է տրամադրել Գևորգ Կոստանյանի ուղարկած նամակի պատճենը։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները սպանվել էին հունվարի 12-ին Գյումրիում իրենց տանը։ Ընտանիքի 7-րդ անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։ Սպանության մեջ մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, ում Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները չեն հանձնում ՀՀ իրավապահ մարմիններին, ինչպես դա պահանջում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը։