Փետրվարի 27-ին Լեռնային Ղարաբաղում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, ձերբակալվել են վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։
Ժամկետային զինծառայողները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ (մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով), իսկ վաշտի ավագը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը)։
Ավելի վաղ քննչական կոմիտեն նշել էր, որ, ըստ նախնական տվյալների, Սաֆարյանը ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):