Հանքարդյունաբերության հետևանքով Մեղրիգետի գետավազանի ջրային ռեսուրսների մեջ տարեկան լցվում է 1 միլիոն 607 հազար խմ արդյունաբերական կեղտաջուր: Այս մասին գրում է Ecolur.org կայքը՝ հղում անելով ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի «Մեղրիգետի գետավազանում ցանկալի վիճակի հասնելուն ուղղված միջոցառումների ծրագիր» զեկույցի արդյունքներին:
Կայքը նշում է նաև, որ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Կարճևան գետ տարեկան լցվում է 1,5 միլիոն խմ արտադրական կեղտաջուր:
Բացի արտադրական կեղտաջրերից, Մեղրիգետ գետավազանի վրա բացասական ազդեցություն ունեն նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի 22 հա տարածք զբաղեցնող և Լիճքվազ-Թեյի ոսկու բազմամետաղային հանքավայրի 1,2 հա տարածք զբաղեցնող լցակույտերը, ինչպես նաև Դարազամի, Հովիտ 1 և Հովիտ 2 պոչամբարները:
«Բացի արտադրական կեղտաջրերից Մեղրիգետ գետավազանի վրա բացասական ազդեցություն ունեն նաև Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի 22 հա տարածք զբաղեցնող և Լիճքվազ-Թեյի ոսկու բազմամետաղային հանքավայրի 1,2 հա տարածք զբաղեցնող լցակույտերը, ինչպես նաև Դարազամի, Հովիտ 1 և Հովիտ 2 պոչամբարները»,- ահազանգում է զեկույցը:
Մեղրիգետի գետավազանում ցանկալի վիճակի հասնելու համար հիդրոլոգ Բենիամին Զաքարյանը հորդորում է հանքարդյունաբերող ընկերություններին ներդնել ջրի մաքրման նոր տեխնոլոգիաներ, ռեկուլտիվացնել լցակույտերը՝ լանջերը ամրացնելով հողաշերտով և ապահովելով բուսածածկով, պահպանել Դարազամի, Հովիտ 1 և Հովիտ 2 պոչամբարների տեխնիկական շահագործման կանոնները, վերանորոգել Կարճևանի գետավազանում ջրային ռեսուրսն աղտոտող պոչամբարների պոչանքի 70 մետր վնասված խողովակաշարը: