Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների` փետրվարի վերջին տեղի ունեցած մրցույթն անցկացվել է բազմաթիվ խախտումներով՝ թափանցիկության և հրապարակայնության սահմանափակմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա» ՀԿ֊ի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը: Նա նախ նկատել է, որ մրցույթն ինքը չէր կարող անցկացվել երկրորդ անգամ միայն Սերժ Սարգսյանի կամքով ու որոշմամբ, քանի որ դա դեմ է ՄԻԵԴ դատավորների մրցույթի անցկացման ընթացակարգին և իրավական հիմքերից զուրկ է:
Նշենք, որ նոր մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:
«Դիտորդական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին, ովքեր հայտ են ներկայացրել ծանոթանալ դիմորդների ներկայացրած փաթեթներին, այդ հնարավորությունը չի ընձեռնվել: Ինչպես գիտեք, երկու փուլ էր՝ փաստաթղթերի ստուգման, և՝ հարցազրույցների: Հանրությունը զրկվել էր փաստաթղթերից տեղեկանալու հնարավորությունից: Իսկ այդ փաստաթղթերի մեջ դիմորդները ներկայացրել են իրենց ինքնակենսագրությունները, իրենց շարժառիթները ՄԻԵԴ դատավոր դառնալու: Երկրորդ՝ մեզ հնարավորություն չեն տվել դիտարկել հանձնաժողովի բոլոր նիստերը, այդ թվում ՝ ամփոփիչ նիստը», – ասել է Լուսինե Հակոբյանը:
ՀԿ֊ի մեկ այլ անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասել է, որ տրամաբանական է, որ հանձնաժողովը խախտումներ է թույլ տվել, քանի որ դրա կազմը, որի մեջ են նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, չէր կարող քաղաքականապես չեզոք լիներ և ամեն ինչ արել է իշխանամետ թեկնածուների ցանկ ընտրելու համար:
«Զբաղեցնելով ՍԴ նախագահի պաշտոնը՝ Գագիկ Հարությունյանը ներգրավված է ծայրահեղ քաղաքական մի գործընթացի մեջ: Խոսքը Սահմանադրության մեջ փոփոխությունների նախաձեռնության մասին է: Ակնհայտ է նաև, որ նա հանդիսացել է ՀՀ-ում շարունակաբար կեղծվող ընտրությունները հետևողականորեն լեգիտիմացնող մի մարմնի նախագահ»,-ասել է Շուշանյանը: