Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ առաջին ցեղասպանությունը չէր, առաջին ցեղասպանությունը չէր նոր ժամանակներում։ Ցեղասպանություն էր այն, ինչ Ռուսաստանը 60֊ական թվականներին անում էր չերքեզների հետ։ Դա հենց չերքեզների միտումնավոր ոչնչացման քաղաքականություն էր, քանի որ Ռուսաստանը ձգտում էր դեպի Կոնստանդնուպոլիս։ Այն կարծում էր, որ Սև ծովի ափը պետք է ռուսական լիներ։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում իր հեղինակային հաղորդման ընթացքում խոսել է «Նովայա գազետա»֊ի թղթակից Յուլիա Լատինինան։
«Հիշեցնեմ, որ Կովկասի ամբողջ Սևծովյան ափը, որտեղ այժմ ծածկված է քաղաքներով, որոնք կոչվում են Տուապսե և Սոչի, որտեղ հոսում է Փսոու գետ, սրանք բոլորը չերքեզական անվանումներ են։ Այնտեղ դեռևս 19֊րդ դարում բնակվում էին չերքեզներ։ Նրանք վերացվել են գիտակցաբար։ Ռուսաստանցի սպաները հաղորդում էին, թե ահա այսօր ոչնչացվել է այս գյուղը, այսօր ոչնչացվել է այն գյուղը։ Ճիշտ է՝ դա նաև ուներ աքսորի տեսք։ Աքսորը, սակայն, իրականում, կայանում էր նրանում, որ չերքեզները քշվում էին ծովի ափ, որտեղից նրանց կարող էին վերցնել թուրքական նավերը։ Չերքեզների մեծ մասը հենց այդ ծովափին էլ մահանում էր, իսկ ռուս սպաները նկարագրում էին մահացած նարածիններին, որոնք ծծում էին մահացած մոր կուրծքը։ Մի փոքր մասը հասավ Թուրքիա, մեկ այլ մասի թուրքերը բեռնում էին նավերի վրա, հետո թափում ծովն ու վերադառնում հաջորդ խմբաքանակի հետևից, քանի որ այդպես ավելի շահավետ էր։
Հիշեցնեմ, որ Օսմանյան կայսրության բնակչության զգալի մասը մինչև 19֊րդ դարի վերջը քրիստոնյա էր։ Ընդ որում, Օսմանյան կայսրության առաջին հարյուրամյակների ընթացքում, իհարկե, քրիստոնյաները երկրորդ կարգի արարածներ էին, նրանք այնտեղ չէին կարող վկայություն տալ դատարանում, և այլն, և այլն։ Բայց հենց այդ պատճառով էլ նրանց ինքնավարություն էր շնորհվել։
Իրավիճակը սկսեց լրջորեն փոխվել 19֊րդ դարում, երբ Թուրքիան․․․ Կոպիտ ասած, պարզվեց, որ դա հավերժական հիվանդ ու ամբողջովին հետամնաց երկիր է։ Եվ որ քրիստոնյա բնակչությունը, առաջին հերթին, ավելի հարուստ է, քանի որ փոքրամասնությունները շատ հաճախ զբաղվում էին առևտրով։ Համենայնդեպս, այն քրիստոնյա բնակչությունը, որը ապրում էր Կոնստանդնուպոլսում։ Երկրորդը՝ այն ավելի իրազեկված էր։
Եվ Թուրքիայի արագ արձաքանգող կառավարությունը, օրինակ, սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը, 1876 թվականից սկսում է ստեղծել տիտուշկաների (իշխանությունների կողմից վարձված ջարդարարներ և սադրիչներ ֊ խմբ) ջոկատներ (համիդիե), որոնց գլխավոր նպատակն էր ոչնչացնել հայերին այն շրջաններում, որոնք պատմականորեն հայկական էին։
Սպանդի ենթարկվեց մինչև 300 հազար մարդ։ Եվ սուլթան Աբդուլ Համիդի արարքները զարմանալի չէին։ Զարմանալի էր այլ բան։ 1908֊ին Թուրքիայում տեղի է ունենում հեղափոխություն, իշխանության են գալիս երիտթուրքերը, որոնք ցանկանում են մոդերնիզացնել Թուրքիան Եվրոպայի օրինակով։ Հենց այս երիտթուրքերն էլ իրականացրեցին կազմակերպված ցեղասպանություն։
Իսկ ինչպե՞ս դա պատահեց։ Չէ՞ որ այս մարդիկ, գալով իշխանության, սկսեցին պետությունը վերափոխել ամբողջովին եվրոպական սկզբունքներով, մոդերնիզացման սկզբունքներով, նրանք առաջին անգամ հայտարարեցին օրենքի առջև բոլորի հավասարության մասին։ 60 հազար հայեր սկսեցին ծառայել բանակում։
Հիշեցնեմ նաև, որ երիտթուրքերն իշխանությունը մասամբ կորցրեցին 1911֊ին՝ Տրիպոլիի պատերազմում պարտվելուց հետո․ այնտեղ Իտալիան գրավեց Տրիպոլիտանիան՝ ապագա Լիբիան։ Երիտթուրքերը դիմեցին Եվրոպային՝ «Ինչպե՞ս թե», ու պարզվեց, որ Եվրոպայում ոչ ոք․․․Իսկ ի՞նչ էին ակնկալում։ Անգլիան պետք է պատերազմեր Իտալիայի դեմ, որպեսզի այն Տրիպոլիտանիան վերադարձներ Թուրքիայի՞ն։ Դե, ով չուստ, նա կուշտ։
Եվ նրանք կորցրեցին իշխանությունը, պարտվեցին ընտրություններում։ Նրանք իշխանության վերադարձան 1912 թվականից հետո, Առաջին Բալկանյան պատերազմից հետո, երբ Բալկանյան Լիգան, առաջին հերթին, Սերբիան ու Բուլղարիան Թուրքիայից խլեցին գրեթե ողջ եվրոպական հատվածը։
Եվ հենց այստեղ է, որ երիտթուրքերը արևմտյան առաջադիմականներից վերածվում են ազգայնականների։
Եվ ահա Բալկանյան պատերազմից 2 տարի անց սկսվում է Առաջին համաշխարհայինը, և Թուրքիան շատ բարդ իրավիճակում է, քանի որ Անատոլիայի ափը նախկինի պես բնակեցված է հույներով, Անատոլիայի զգալի մասը բնակեցված է հայերով, և համաշխարհային գերտերությունները խոստանում են Թուրքիային չդիպչել, եթե վերջինս պատերազմի մեջ չմտնի։ Բայց երիտթուրքերը երազում են ընդլայնման մասին, երազում են պանթուրքիզմի մասին, ինչպես Հիտլերը երազում էր գերմանական ժողովուրդների միության մասին։ Այստեղ ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ Օսմանյան կայսրության՝ պատերազմի մեջ մտնելու որևէ կարիք չկար։ Եթե չմտներ, ապա Թուրքիան այսօր կլիներ հզոր նավթապետություն․․․Ռուսաստանն ու Սադուդյան Արաբիան չէին կարողանա անգամ մրցել։ Թուրքիան կունենար թե իրաքյան նավթ, թե սաուդյան, թե բահրենյան ու դուբայական, քանի որ դրանք մտնում էին Թուրքիայի կազմի մեջ։ Բայց Էնվեր փաշան երազում էր ռուսական Կովկասի մասին, երազում էր Թուրքեստանի մասին։ Ի դեպ, Էնվեր փաշան մինչ այդ նաև ռազմական կցորդ էր Գերմանիայում։ Եվ ահա հոկտեմբերի 29֊ին, առանց պատերազմ հայտարարելու, թուրքական ռազմանավերը ռմբակոծում են Ռուսաստանի սևծովյան քաղաքները՝ Օդեսան, Սևաստոպոլը, Նովորոսիյսկը։ Ու, բնականաբար, ընկնելով այդ թռչնի հետևից, Թուրքիան կորցնում է իր սեփական ժողովրդին, քանի որ պատերազմը, բնականաբար, անմիջապես արժանանում է կայսրության քրիստոնյա բնակչության դժգոհությանը։ Ինչո՞ւ պետք է հայերն ու հույները մահանան հանուն պանթուրքիզմի։
Դրանից օգտվում է Ռուսաստանն ու անմիջապես առաջ քաշում Մեծ Հայաստանի գաղափարը։ Հունաստանը, իր հերթին, հայտարարում է, որ ցանկանում է ստանալ Էգեյան ծովի անատոլիական ափերը։ Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Տեղի է ունենում Էնվեր փաշայի հրեշավոր պարտությունը ռուսական զորքերի կողմից։ Այնքան հրեշավոր, որ նա գրեթե կորցնում է կյանքը մարտում։ Մարտի դաշտից նրան մեջքի վրա դուրս է բերում մի զինվոր։ Այդ զինվորը հայ էր․ նրա անունն էր Հովհաննես։
Եվ ի՞նչ է անում Էնվեր փաշան։ Հիշեցնում եմ, որ Էնվեր փաշան Թուրքիան կառավարող երեք փաշաներից մեկն է։ Բայց նա ամենագլխավորն էր, քանի որ՝ ռազմական նախարար է, և ընթանում է պատերազմ։
Ինչպես բոլոր պարտված զորավարները, նա, վերադառնալով Կոնստանդնուպոլիս, հայտարարում է, որ տեղի է ունեցել դավաճանություն հայերի կողմից։ «Ինձ դավաճանել են»,֊ սա անհաջողակ զորավարների սիրած արտահայտությունն է։ Չմոռանանք, որ «Ղրիմը մերն է» այս թուրքական տարբերակից հետո կտրուկ վատթարացավ բնակչության կենսամակարդակը։ Այսինքն, սա դասական պատմություն էր․ հսկայական հետամնաց տերություն, որը կարող էր չեզոք դիրք պահպանել ու ոչինչ չկորցնել։ Փոխարենն այն իր դեմ միավորեց Ռուսաստանին, Անգլիային և Ֆրանսիային, որոնք Թուրքիայի վերաբերյալ մշտապես տարբեր դիրքորոշումներ են ունեցել։ Եվ, բնականաբար, խնդիրներ առաջացան երկրի քրիստոնյա բնակչության հետ, քանի որ, երբ այն սկսեց իրականացնել սրբազան պատերազմ, ինչո՞ւ պետք է քրիստոնյա բնակչությունը մասնակցեր անհավատների դեմ սրբազան պատերազմին։
Եվ անմիջապես դրանից հետո սկսվեց հայերի դեմ պատմական քարոզարշավը, ու, բառացիորեն, Էնվեր փաշայի հաջորդ քայլը եղավ ցեղասպանության նախապատրաստումը։ Ցեղասպանության նախապատրաստումը սկսվեց նրանից, որ 60 հազար հայ սպաները տեղափոխվեցին շինարարական գումարտակներ, քանի որ իշխանությունները վախենում էին, որ նրանք կընդվզեն, եթե իրենք սկսեն կոտորել հայերին։
Ու ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունենում ապրիլի 24֊ին․ հարյուր տարի առաջ, երբ «անիծյալ հայերը պատրաստվում են Կոնստանդնուպոլիսը հանձնել թշնամուն» խլացուցիչ պատերազմական քարոզարշավի ներքո ձերբակալվում են հայ մտավորականները։ Դրան հետևում է աքսորը, որն, իրականում, ցեղասպանություն էր։
Թուրքերի այս արարքի միակ արդարացումն այն է, որ նրանք աքսորի, ցեղասպանության այս տեխնոլոգիան սովորել են Ռուսական կայսրությունից։
Մահվան բոլոր երթերը միանման էին։ Նախ մարդկանցից խլում էին նրանց ամբողջ ունեցվածքը։ Այդ ունեցվածքն անվանում էին «լքված»։ Թույլերն իրենք էին մահանում, ուժեղներին սպանում էին, կանանց՝ բռնաբարում՝ զանգվածաբար։
Բնականաբար, այդ ամենի պատճառը անիծված հայերն էին, որոնք, փառք Ալլահին, ցանկանում էին ընդվզել, հանձնվել թշնամուն․․․իսկ մենք նրանց կոչնչացնենք։ Ողջ մնացածներին տեղափոխեցին համակենտրոնացման ճամբարներ, որտեղ սնունդ ընդհանրապես չէր տրամադրվում։ Այսինքն, ի տարբերություն նացիստների, թուրքերը հարցին ավելի պարզ մոտեցան՝ ինչ֊որ գազի խցիկներ կառուցելու փոխարեն պարզապես չկերակրեցին մարդկանց։
Իհարկե, լինում էին շեղումներ։ Օրինակ, տեղի էին ունենում զանգվածային այրումներ։ Զանգվածային ջրահեղձումներ։ Հետաքրքիր էր ու յուրօրինակ այն, որ Թուրքիան, որը, մեղմ ասած, առաջադեմ բժշկական տերություն չէր, օգտվեց հնարավորությունից ու անցկացրեց բժշկանան փորձեր, որոնք, իհարկե, շատ քիչ թվով էին, հավանաբար, Թուրքիայում բժիշկների ոչ բավարար քանակի պատճառով։
Եվ քանի որ երիտթուրքերը պարտվել էին պատերազմում, ապա դաշնակիցները 1919 թվականին սուլթան Մեհմեդ Վեցերորդին հրամայեցին կազմակերպել սեփական Նյուրնբերգյան գործընթացը, որի ժամանակ Թուրքիայում իշխող բոլոր երեք փաշաները՝ Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը, դատապարտվեցին մահվան հեռակա կարգով, քանի որ մինչ այդ հասցրել էին փախուստի դիմել։
Իրականում, իհարկե, այդ գործընթացը կեղծիք էր։ Փաշաներին առաջադրված մեղադրանքներից մեկն այն էր, որ նրանք մտել էին պատերազմի մեջ առանց բավարար հիմքերի։
Իհարկե, նման պայմաններում կարևոր են ոչ թե ցեղասպանության հակառակորդների վկայությունները, այլ, ասենք, հենց Թալեաթ փաշայի վկայությունները։ Թալեաթ փաշան ցեղասպանության համար պատասխանատու գլխավոր անձն էր։ Նրա անձնական արխիվի փաստաթղթերը հրապարակվել են․ դրանց համաձայն, 1915֊1916 թթ֊ին Թուրքիայում սպանվել է ավելի քան 970 հազար հայ։ Ընդ որում, ինքը Թալեաթ փաշան կարծում էր, որ թիվը պետք է այլ լիներ, քանի որ հայերի պաշտոնական մարդահամարը եղել է 1 միլիոն 256 մարդ։ Հաջորդ տարում մնացել էր միայն 284 մարդ։
Միևնույն ժամանակ, Թալեաթ փաշան կարծում էր, որ այնտեղ բնակվող հայերի պաշտոնական թիվը նվազեցվել էր 30 տոկոսով․ այսինքն, սպացվում է շուրջ 1 միլիոն 700 հազար մարդ, որոնցից մնացել էր միայն 280 հազարը»։