Հրապարակախոս, իրավագիտության պրոֆեսոր Գյունալ Քուրշունը թուրքական Today's Zaman պարբերականում «1915-ի իրականությունը» անունը կրող հոդված է հեղինակել:
«Եվրոպայի խորհրդարանը բանաձև ընդունեց՝ ճանաչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան 1915-ի ջարդերը նույնպես ցեղասպանություն ճանաչեց, իսկ Թուրքիան, որպես պատասխան, իր դեսպանին հետ կանչեց: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն զանգահարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և մոտ 50 րոպե զրուցեց նրա հետ՝ հորդորելով, որպեսզի Գերմանիայի խորհրդարանը չընդունի Հայոց Ցեղապսնությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց և անկեղծ հայտարարեց, որ դա ցեղասպանություն էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասաց, որ չի ցանկանա լսել, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգտագործում «ցեղասպանություն» բառը: ԱՄՆ-ի աղբյուրները հայտարարեցին, որ Օբաման այդ բառը չի օգտագործի, ինչը երջանկացրեց թուրքական կողմին: Դա, իհարկե, կզայրացնի հայկական սփյուռքին և ևս մեկ վիճաբանության առարկա կդառնա: Նրանք ավելի մեծ ճնշում կգործադրեն Օբամայի, Կոնգրեսի և Սենատի վրա՝ պահանջելով ճանաչել ցեղասպանությունը, իսկ Թուրքիան մի քանի միլիոն դոլար ավել կծախսի լոբիստական կազմակերպություն ների վրա՝ այդ փորձը կանխելու համար: Խաղը շարունակվում է:
Արդյո՞ք դա կարևոր է: Արդյո՞ք կարևոր է՝ ով ասաց «ցեղասպանություն», իսկ ով՝ ոչ: Ի՞նչ կփոխվի, եթե Մերկելը կամ Օբաման հայտարարեն՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Չե՞ք կարծում, որ Մերկելն ու Օբաման գիտեն իրականությունը: Չեք կարծում, որ մենք՝ թուրքերս, գիտենք իրականությունը:
Ես չեմ կարծում, որ համաշխարհային որևէ առաջնորդի հայտարարությունը կարևոր է: Ես հստակ գիտեմ, որ հիմար ազգայնականությամբ մեկուսանալը կօգնի Հայոց ցեղասպանության լայն ճանաչմանը, բայց նաև հավատում եմ, որ խնդրի վերաբերյալ հասարակ թուրքի կարծիքը շատ ավելի կարևոր է, քան համաշխարհային տերությունների առաջնորդերինը: Եթե իմ նախկիները սխալ են գործել, իմ պարտքն է ներողություն խնդրել և աշխատել սխալն ուղղելու համար:
Սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը ասում էր, որ չնայած ինքը կասկած չունի, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է եղել, նաև վստահ է, որ պետք չէ խնդիրը դիտարկել՝ կենտրոնանալով այդ բառի վրա: Ես ամբողջ սրտով կիսում եմ Դինքի այդ կարծիքը: Գուցե, մենք պետք է մեկ այլ հատուկ անուն գտնենք Հայոց ցեղասպանության համար, ինչպես հրեաներն օգտագործում են «հոլոքոստ» բառը: Գուցե, այդ եզրը կարող է դառնալ «Մեծ եղեռն» արտահայտությունը, բայց իրականում այս մանրամասները կարող են հետագայում քննարկման առարկա դառնալ: Ինչ անուն էլ մենք տանք տեղի ունեցածին, իրականությունը չի փոխվելու: Առաջին հերթին, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, գոնե մեկ րոպեով պետք է իր սրտում զգա ու կիսի նույն ցավը, որն ապրել են Հայոց ցեղասպանության զոհերը և փրկվածները Ուրֆայից, Ադանայից, Մարաշից, Այնթափից, Կայսերիից, Յոզղաթից, Ստամբուլից, Թրաքիայից և այլն: Եկեք մի պահ պատկերացնենք, որ մեր պապերն ու տատերն են քայլել սիրիական անապատով դեպի Դեր Զոր և վիրավորվել են, սպանվել են, բռնաբարվել են, ինքնասպանություն են գործել: Այդ մարդկանց թոռներներին մինչ օրս տանջում է այդ իրականությունը և միակ դեղորայքը թուրքերի ձեռքերում է: Դինքը պաշտպանում էր այն տեսակետը, որ եթե թուրքերը զգան այդ ցավը, խնդիրը կլուծվի: Անգամ կարևոր չէ, թե ինչ է ասվել, ես հավատում եմ, որ իրական սրտերը կլուծեն խնդիրը:
Օսմանյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Թալեաթ փաշան ասել է. «Հայկական հարցը լուծելու առումով ես երեք ամսում ավելի շատ արեցի, քան Աբդուլ Համիդը 30 տարում»: Իրականում, նա խաբեությամբ, ինքնատելությամբ և երեսպաշտությամբ լի ավելի լուրջ խնդիր ստեղծեց, որն արդեն մեկ դար է ձգվում և հիմա՝ 100 տարի անց, ժամանակն է լուծել այն»: