Ստամբուլում բնակվող Մուրադ Կոստանյանն ապրում է մոր հետ հայաբնակ Քուրթուլուշ թաղամասում, որտեղ էլ ես նրանց այցելեցի։ Կոստանյաններն իմ հանդիպած առաջին պոլսահայերն էին, Հայաստանում ծանոթներ չունեին, ու ես էլ էի նրանց համար հետաքրքիր՝ որպես Հայաստանից եկած լրագրող։ Չնայած լեզվական և մշակութային տարբերություններին՝ իմ զրույցը Մուրադի և տիկին Արուսյակի հետ երկար տևեց․ ես «հարցաքննում էի» Պոլսի հայությունից, նրանք՝ Հայաստանից։
«Աղվո՞ր է», «Դիլիջանը լա՞վ տեղ է», «Սարի թաղը դա թաղամա՞ս է Երևանում», «Արմենը ձեզ մոտ տարածվա՞ծ անուն է» և այլ հարցերով Արուսյակ Կոստանյանը փորձում էր Հայաստանի մասին տեղեկություններ ստանալ, չնայած առանց այդ էլ բավական տեղեկացված էր․ Կոստանյանների մոտ հասանելի էին «Կենտրոն» և Հ1 հայաստանյան հեռուստաալիքները։ Անբացատրելի վերաբերմունք ունեին Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Թեև երբեք չէին եղել և կապեր չունեին, ցանկանում էին գալ՝ «պտույտի»: Մուրադն ասում էր, որ եթե գործ լինի, կցանակա նաև Հայաստանում ապրել, չնայած մտավախություն ուներ, որ այնտեղ իրեն լավ չեն ընդունի․ «Այստեղ մեզ ասում են՝ հայ են, այնտեղ ասում են՝ թուրք են»։
Մուրադ Կոստանյանը, ի տարբերություն իր քաղաք եկած ցեղասպանության ժառանգների, լրագրողների, տեղացի գիտնականների, Ցեղասպանության 100-ամյա տարելիցը հատուկ տարի չէր համարում։ Հավանաբար այն պատճառով, որ այս տարելիցը չի դիտարկում ոչ որպես հարմար ժամանակ բացահայտելու իր պապերի հայ լինելը, ստեղծագործելու այդ թեմայով, ոչ որպես դեպի Ստամբուլի հայկական հուշարձաններ կամ ոճրագործության կենտրոններ զբոսաշրջային այց կատարելու առիթ, ոչ էլ հայերեն խոսելու։ Նա իր հայի ինքնությունը զգալով է գնում աշխատանքի՝ երբեմն խուսափելով հայերեն խոսելուց, զգուշությամբ է շփվում անծանոթների հետ, հուշարձանների կողքով ամեն օր է անցնում։
Մուրադը համաձայն է, որ վերջին տարիներին շատ բան է փոխվել, առաջ հայերեն չէին խոսում, հիմա դա այնքան էլ վախենալու չէ, բայց միևնույն է, ազգայնականներ կան։
«Դու հոս ձախերի հետ ես շփվել, դրա համար է քեզ թվում, որ վախենալու բան չկա»,- ինձ ասում էր Մուրադը։
Նա չի պատկերացնում կյանքն առանց ռոքի. որպես դպիր Մուրադը կիրակի օրերին մասնակացում է պատարագի։ Ինչևէ, չի վստահում բարձրաստիճան հոգևորականներին. նրանք, ըստ Մուրադի, սպասարկում են Էրդողանի ռեժիմը, լրագրողներին ասում են. «Ամեն ինչ նորմալ է, հայերը ոչ մի պրոբլեմ հիմա Թուրքիայում չունեն»։
«Հայրիկս անունս Մուրադ դրեց՝ մի ոչ հայկական անուն, որ բանակում խնդիրներ չունենամ։ Այստեղ շատերն են թուրքական անուններ դնում, հիմա էլ նոր մոդա է՝ Քևին, Ջեյմս, նման անուններ են դնում»,- պատմում է պոլսահայ երիտասարդը։
Հայկական համայնքը մեծանում է, սակայն սերունդները փոխվում են, հայերի միջև կապերը՝ քչանում։ Շատ են գալիս Հայաստանից՝ աշխատելու։ Եթե Թուրքիայում 50.000 պոլսահայ կա, 30.000-ն էլ Հայաստանից եկած հայերն են, սակայն ոչ բոլորն են համայնքով հետաքրքրվում, ավելի քիչ՝ քան 30․000-ը։ Շատերը նույնիսկ ապրիլի 24-ի երթին չեն մասնակցում, կամ մասնակցում են, սակայն լուռ, շատ «ակտիվություն չեն անում»։ Մուրադի խոսքով՝ հիմա այդքան էլ չէ, սակայն նախկինում տեղացիները նույնիսկ զայրանում էին, որ դրսի հայերը ցեղասպանության հարցը շատ էին բարձրացնում. ասում էին՝ իրենք դրսում են, ապահով եվրոպաներում, թեման սրում են և ավելի վտանգավոր է դառնում ապրելը թուրքերի մեջ։
Ստամբուլի հայ համայնքը փոփոխությունների է ենթարկվում: Ի հայտ է եկել ակտիվ երիտասարդություն, որ լծվել է մի շարք շարժումների ու նախաձեռնությունների զարգացման գործին, մասնավորապես «Նոր Զարթոնք» շարժման ստեղծմանը: Երիտասարդները փայլուն տիրապետում են Թուրքիայի ներքին քաղաքականության համատեքստին, նրանք համայնքի նպատակներն ու պահանջներն են սահմանում, լավատես են և նոր զարթոնքը միայն ժամանակի հարց են համարում։
Քնար Խուդոյան