Home / Տեսանյութեր / «Կարծես մինչև մեզ ոչինչ էլ չի ասվել»․ ապրիլյան արվեստը Ստամբուլում

«Կարծես մինչև մեզ ոչինչ էլ չի ասվել»․ ապրիլյան արվեստը Ստամբուլում

Ցեղասպանության 100֊ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքում Թուրքիայում ժամանակակից արվեստի բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպվել։ Հատկապես ապրիլին Ստամբուլի արվեստի կենտրոններում շատ են ցուցադրվում Հայոց Ցեղասպանության թեմայով արված գործեր, պերֆորմանսներ։

Այս առումով ամենաակտիվն «Անադոլու Քուլթուր» կազմակերպության նախաձեռնած «Դեպո» արվեստի կենտրոնն է, որը տեղակայված է ծխախոտի նախկին պահեստում և, 2005-ի Ստամբուլի բիենալեից ի վեր, որպես ցուցադրական ու նախագծային տարածք, տրամադրվում է ժամանակակից արվեստով զբաղվողներին։ «Դեպոյի» ծրագրերի ղեկավար Ասենա Գյունալը Epress.am-ին հայտնել է, որ այս տարի իրենց մոտ ցուցադրվել են հիմնականում ցեղասպանությունը վերապրածների ժառանգ հանդիսացող արվեստագետների գործեր։

«Անձնական պատմությունները հաղորդակցության նոր հեռանկարներ են բացում, որ անհնար էր մինչև հիմա, քանի որ պաշտոնական դիսկուրսն այդ պատմությունները հետ էր մղել, և մարդիկ հնարավորություն չունեին իմանալու դրանց մասին», ֊ ասել է Գյունալը։

Այդպիսի անձնական պատմությունների մասին պատմող գործեր «Դեպոյում» ներկայացվեցին ապրիլի 23-ին՝ լիբանանահայ Անիտա Թութիկյանի «Ասեղնագործություններ» ցուցահանդեսը և բրազիլահայ Նորայր Շահինյանի «Դատարկության ուժը» ֆոտոցուցահանդեսը։

Թութիկյանի ցուցահանդեսը նվիրված էր ցեղասպանությունը վերապրած իր Հռիփսիմե տատիկին, ով ասեղնագործությունների միջոցով էր արտահայտում իր հույզերը, սակայն երբեք չէր խոսում ցեղասպանությունից։

tutikyan

Շահինյանը ներկայացնում էր իր լուսանկարները, որոնք արվել էին իր պապերի հայրենի Մարաշ և Ուրֆա քաղաքներում։ Նա նշում էր, որ իր այցն Արևելյան Թուրքիա «տեղացի օտարի» այց է։

Այլ արվեստի կենտրոններում ցուցադրվում էին նաև թուրք արվեստագետներ, ինչպես նաև արվեստագետներ, ովքեր Հայոց ցեղասպանության թեմայով գործեր են արել «ոչ բռնարարի, ոչ զոհի» իրավահաջորդի դիրքից։

Սալթ Բեյօղլու արվեստի կենտրոնում «Դարերի դարը» խորագրով ցուցադրության մասնակից թուրք Դիլեք Վինչիսթիրն իր «Կարծես մինչև մեզ ոչինչ էլ չի ասվել» գործով անդրադառնում էր 1900-ականներին Անատոլիայում ապրող ժողովուրդների լեզուների փոխհարաբերություններին։

«Մենք թակում ենք ձեր դռները պատմության մեջ մինչ այժմ գոյություն չունեցող հույզերով և մեծամտությամբ՝ առանց վախենալու, որ մեզ ինքնահավան, իրենցից առաջ ասվածը չընդունող մարդկանց տեղ կդնեն»․ Վինչիսթիրը թուրքերեն այս նախադասությունը գրել է հայերեն, հունարեն, եբրաերեն, լատիներին և արաբերեն տառերով, որոնք օգտագործվել են Օսմանյան կայսրության բազմալեզու բնակչության կողմից մինչ այն պահը, երբ Թուրքիան 1928 թվականին ընդունեց լատինական այբուբենն օգտագործելու մասին որոշումը։

Մեկ այլ գործով Վինչիսթիրը թուրքական գրականության դասավանդումն էր խնդրականացնում։ Հեղինակը ցուցադրում էր 1851 թվականին հայատառ տպագրված հայազգի Վարդան Փաշայի «Ագապիի պատմությունը» վեպը և ալբանացի Սամի Ֆրաշերիի «Թալաթի և Ֆիթնաթի սերը» (Taaşşuk-ı Talat ve Fitnat) վեպը, որը տպագրվել էր 1871֊ին արաբատառ։ Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թուրքական դպրոցներում «Ագապիի պատմությունը» չի դասավանդվում որպես առաջին թուրքական վեպ այն պատճառով, որ այն հայատառ էր գրված։ «Մեր մշակույթը արհամարել ու մոռանալ նման պատճառով խելամիտ չէ»,֊ ասում է հեղինակը։

  3performance

Ապրիլի 25-ին Ստամբուլում 2007֊ին սպանված լրագրող, հասարակական գործիչ Հրանտ Դինքին նվիրված իր «Դու ձուկ չես» ներկայացումն է խաղացել թուրքահայ Միհրան Թոմասյանը: Նրա պերֆորմանսը պտտվում էր Օքթար Ռիֆաթի բանաստեղծության շուրջ․

Մի լացիր, Ահմե՛թ, մի լացիր

Զենք էլ մի վերցրու

Երդվում եմ իմ պատվով՝

այս սև օրերը կանցնեն

Մեծ ձկները ուտում են փոքր ձկներին

ասում են՝

դա սուտ է

Թող ձկները մտածեն այդ մասին

Ահմե՛թ, դու ձուկ չես,

Քիչ քիչ, կամաց֊կամաց,

Կհասնենք լուսավոր ավարտին։

Թոմասյանը ձայանգրում էր բանաստեղծությունը, նվագարկում, հեռարձակում ռադիոյով, բարձախոսով, ձայնագրությունների ժապավենները բաժանում հանդիսատեսին։

1performance

«Իմ ներկայացումը միայն Դինքի մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր սպանվել են փոքրամասնություն լինելու համար, ովքեր հիմա էլ են խտրականության ենթարկվում իրենց ինքնության պատճառով»,֊ ասում է ստամբուլահայ արվեստագետը։

Թոմասյանը պատմել է, որ ինքը «Դու ձուկ չես» պերֆորմանսը ներկայացրել է նաև Հայաստանում, սակայն այն մեծ հաջողություն չի ունեցել հայ հանդիսատեսի մոտ։ Պերֆորմանսի հեղինակը դա բացատրում էր նրանով, որ, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում հանդիսատեսի ու կատարողական արվեստի միջև կապը վերահաստատելու կարիք կա։  

2performance