Վարչական դատարանը մասնակիորեն մերժել է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանիդի միջոցով ոսկու կորզման ծրագրի վերաբերյալ ներկայացրած դատական հայցը: «ԷկոԼուր»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրավաբան Արթուր Գրիգորյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի դեմ դատական հայցը ներկայացրել են նախագծի անմիջական ազդեցության գոտում գտնվող Գնդեվազ գյուղի բնակիչները, «Էկոիրավունք» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունները՝ վիճարկելով Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) փորձաքննական դրական եզրակացության և մի շարք վարչական ակտերի օրինականությունը:
«Մերժման հիմքերից մեկն այն է, որ փաստաթուղթը՝ բնապահպանական փորձաքննական եզրակացությունը, չի հանդիսանում վարչական ակտ: Դատարանի մերժման հիմքերն այժմ բողոքարկվում են Վերաքննիչ վարչական դատարանում», – ասել է Արթուր Գրիգորյանը:
Երրորդ կողմը «Գեոթիմ» ՓԲԸ-ն է՝ Ամուլսարի հանքավայրը շահագործել պատրաստվող օֆշորային «Lydian International» ընկերության դուստր ձեռնարկությունը: