Մայիսի 13-ին նախագահական նստավայրի մոտ ոստիկանների կողմից ուժի կիրառման հետևանքով վնասվածքներ ստացած՝ խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներ Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանն այսօր դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել։ Դատաբժիշկ Սանասար Սևոյանը եզրակացություն է կազմել ու ուղարկել Քննչական կոմիտե՝ նշելով, որ տուժածները եզրակացությունների պատճենները կստանան հետագայում՝ Կոմիտեից։
Ինչպես Epress.am-ին հայտնել է 2010 թվականին զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ ինքը ձախ ձեռքի արմունկից թևատակ ընկած հատվածում ունի կապտուկներ և արյան զեղում։ Դատաբժիշկը նաև արձանագրել է, որ հարվածներից հետո Ղազարյանի ձեռքը դողում է։
2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին, դատաբժիշկը ուղարկել է տոմոգրաֆիայի, որի արդյունքները ևս կկցվեն փորձագիտական եզրակացությանը։ Մուրադյանի խոսքով՝ ինքը ցավեր ունի կրծքավանդակի շրջանում։
Նշենք, որ երեկ նախագահի նստավայրի դարպասների մոտ ոստիկանները հրել ու քաշքշել են բողոքի ակցիա անող 5 ծնողներին և նրանց բռնի ուժով տեղափոխել դիմացի մայթ՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ։ Արդեն դիմացի մայթին ուժ կիրառած ոստիկանները սկսել են խրատել ինքնապաշտպանվող ծնողներին, թե «ոստիկանին չի կարելի հարվածել»։