ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հենրիկ Տեր-Ադամյանի նախագախությամբ բեկանել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով քրեական գործի վարույթը կարճվել էր և ամբաստանյալ բուժաշխատողների նկատմամբ հետապնդումը դադարեցվել:
Գործն ուղարկվել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննություն անցկացնելու համար:
Դատարանի որոշումը տուժողի իրավահաջորդի՝ մահացած զինծառայողի հայր Մովսես Խաչատրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանին զարմացրել է։ Epress.am֊ի հետ զրույցում նա, այնուամենայնիվ, համոզմունք է հայտնել, որ Վերաքննիչ դատարանը պատճառ չուներ չբավարարելու իր հիմնավոր բողոքը, որը, ՄԻԵԴ հասնելու դեպքում, կարող էր հանգեցնել Հայաստանի Հանրապետության դեմ վճռի:
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել էր, քանի որ նրանց միջնորդությամբ դատարանը համաներում էր կիրառել: Դա հնարավոր էր դարձել, քանի որ բուժաշխատողները մեղադրվում էին ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի կողմից անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որը պատճառել է էական վնաս։ Այդ հոդվածով առավելագույնը 3 տարի ազատազրում է նախատեսված:
Այդ մեղադրանքի հետ Մուշեղ Շուշանյանը համաձայն չի եղել։ Նա պահանջել է նոր գործ հարուցել քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), որով ավելի խիստ պատիժ է սահմանվում:
«Այսինքն մարդու մահը մեղադրող կողմը չէր համարել ծանր հետևանք, այլ էական վնաս»,-ասել է Շուշանյանը:
Գործի քննության ընթացքում փաստաբանն անդրադարձել էր նախագահողի և դատախազի կողմից թույլ տված մի շարք խախտումներին: Մասնավորապես, դատարանն առանց որևէ կողմի միջնորդության որոշել էր կրկնակի փորձաքննություն անցկացնել: Շուշանյանն այդ որոշումը մեկնաբանել էր որպես մեղադրվող վիրաբույժներին արդարացնելու փորձ: Երկրորդ փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ հիվանդի վիճակը այնպիսին է եղել, որ նրան Ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելու բժիշկների որոշումը ճիշտ էր: