հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Վանաձորում սպանության գործով դատապարտված բժիշկը վճիռն անօրեն է համարում, բայց կարող է չբողոքարկել

Վանաձորում սպանության գործով դատապարտված բժիշկը վճիռն անօրեն է համարում, բայց կարող է չբողոքարկել

Վանաձորում կատարված աղմկահարույց սպանության գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված բժիշկ Վլադիմիր Ղուկասյանը կասկածում է՝ արդյոք արժե բողոքարկել դատարանի վճիռը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Ղուկասյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացած Դավիթ Հովակիմյանին անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարել։

Փաստաբանի խոսքով՝ դատավճիռը բացարձակապես անօրեն է, դատարանի որոշումը կայացվել է դատախազության ճնշման ներքո, իսկ իրականում Հակոբյանի գործողությունների և երիտասարդի մահվան միջև ուղղակի կապ չկա:

«Մեր բողոքի հիմնավորումներն արդեն պատրաստ են, սակայն հնարավոր է, որ չուղարկենք, քանի որ հույսեր չենք կապում վերաքննիչ դատարանի հետ: Չբողոքարկելու հիմնավորումներից կարևորն այն է, որ Ղուկասյանը 62 տարեկան է, և եթե դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, նա կտեղափոխվի բաց ռեժիմով ուղղիչ հիմնարկ, իսկ եթե բողոքարկենք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ ինչ վիճակ է, բոլորիս է հայտնի»,- ասել է փաստաբանը:

Նա հիշեցրել է,որ Ղուկասյանն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք ավելի են սրվել կալանքի ընթացքում, քանի որ դատավարության փուլում դատարանը չէր փոխել խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ բժշկին մեղադրանք էր առաջադրվել 15-ամյա Դավիթ Հովակիմյանի մահվանից մոտ մեկ տարի անց։ Մինչ այդ մահվան գործով մեղադրվում էր միայն Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևը: Մեղադրյալի մայրը պատմել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը: Կունգուրցևի արյան նմուշի փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա շորերի վրա սպանվածի արյունը չի եղել: Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել:

Կունգորցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը Epress.am-ին հայտնել է, որ գործը մտել է ապացույցների ուսումնասիրության փուլ: Փաստաբանը նախորդ դատական նիստին ներկայացրել է մոտ 30 միջնորդություն, որոնք հիմնականում վերաբերում են անչափահաս վկաների հարցաքննության ընթացքում թույլ տված խախտումներին, արձանագրությունների կեղծիքներին: Դատարանում 30 վկաներն ասել են, որ սպանության վայրում Կունգորցևին չեն տեսել:

Ավելի վաղ news.am կայքը գրել է, որ Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանել է ԱԱԾ աշխատակցի որդին, որին էլ իրավապահ մարմինները խնամքով թաքցնում են: