Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդներն արդեն մի քանի ամիս է՝ խնդրի առաջ են կանգնած, «Համբերեք, եթե ողջ մնաք, ձեզ դեղ կտան» հոդվածում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Պարզվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի լուծել ֆրանսիական «Դիաբետոնի» խնդիրը։ Տարեսկզբին պոլիկլինիկաներում հիվանդներին ասվել էր, որ նրանք ֆրանսիական «Դիաբետոնը» կստանան ապրիլի 1-ից։
Հետագայում ժամկետը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը։ Երեկ ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ»֊ի հետ զրույցում ասել է․ «Մրցույթ ենք հայտարարել, և դրան մասնակցել է հնդկական կազմակերպություն, որն էլ շահել է առաջին եռամսյակի որոշ խմբաքանակի համար հայտարարված մրցույթում։ Դա սպառելուց հետո՝ օգոստոս֊սեպտեմբերին արդեն, բոլոր քաղաքացիները կստանան իրենց ֆրանսիական «Դիաբետոնը»»։
Վարչության պետն արդարացել է, թե իրենց կողմից չի ասվել, որ հուլիսին է բաժանվելու ֆրանսիական դեղամիջոցը, այլ նշվել է՝ երկրորդ կիսամյակ․ «Ես ինքս հայտարարել եմ, որ դրանք կբաժանվեն երկրորդ կիսամյակին։ Մի փոքր թող համբերություն ունենան մեր քաղաքացիները»։
«Այն, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և նրա ենթակաները տարվա երկրորդ կես ասելով՝ սեպտեմբեր են հասկանում, դա իրենց ընկալունակության հարցն է։ Բայց այս դեպքում նրանց՝ նման դանդաղ ընկալունակության պատճառով տասնյակ հազարավոր հիվանդներ են տուժում։ Ի՞նչ է նշանակում՝ մի փոքր համբերեք, կստանաք։ Այսինքն՝ մարդիկ պետք է համբերեն, շաքարային դիաբետով հիվանդի համար կենսական նշանակություն ունեցող դեղը չխմեն, դառնան ինսուլինակախյալ, մինչև ՀՀ առողջապահության նախարարությունը կբարեհաճի իր պարտականությունները կատարել», – եզրափակում է հոդվածագիրը։