Մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում տուժած Զաքարյանների ընտանիքը հայտարարում է՝ եթե Խաչատրյանների ընտանիքն անպատիժ մնա, դիմելու են Ռուսաստանի գլխավոր դատախազությանը, հայտնում է «Ազատությունը»։
«Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարութ Զաքարյանը (լուսանկարում) կորցրել է աջ աչքի տեսությունը, ձախ աչքը ևս վնասվել է, իսկ եղբայրը՝ Մուշեղը, քթի կոտրվածք էր ստացել։
Տուժած Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանն «Ազատության» հետ զրույցում ասել է՝ ծեծկռտուքից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն մեղավորները դեռ ազատության մեջ են, քրեական գործի շրջանակում առաջխաղացում չկա։
«Մենք չենք լռելու, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, մեծ տղաս՝ ևս, եթե էստեղ գործերը կոծկվի, ես կդիմեմ Ռուսաստանին։ Իմ էրեխեքը հավի ճտեր չէին կամ ո՞ւմ էին ինչ արել, որ էսօրվա դրությամբ աչքի լույսից զրկվի, խի դա հե՞շտ բան է»,- ասել է նա։
«Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Հարութ և Մուշեղ Զաքարյանները ճանաչվել են տուժող։ Արյունալի այս միջադեպից մինչ այսօր, սակայն, Քննչական կոմիտեն կասկածյալների կամ մեղադրյալների մասին չի հաղորդում։ Մինչդեռ Զաքարյանների մայրը վստահեցնում է՝ ինքը, ամուսինը և որդիները մի քանի անգամ հարցաքննվել են և ամեն անգամ ցուցմունք տվել մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի դեմ, անգամ իրավապահներից պահանջել են վերծանել Հարութի հեռախոսազանգերը։
«Թող վերծանեն, ինչի՞ են լռում, ես չգիտեմ, էտքան մարդ էնտեղ եղել է, ամեն տղայիս վրա 30-40 հոգով հարձակվել են, նույնիսկ Հարութս չի հիշում ոտքով են հարվածել աչքին, թե բիտայով, իրան հրել, քցել են գետնին, հարձակվել են ինչով կարողացել, էլ մահակներով, էլ քացով, էլ մետաղական գործիքներով հարվածել են։ Տիգրան Խաչատրյանն էլ է եղել ու իրա թափթփուկները»,- ասել է Անահիտ Գալստյանը։
Այսօր «Ազատության» հետ զրույցում մարզպետի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի օգնականը տեղեկացրել է, որ ծեծկռտուքի գործով հարցաքննվել է նաև Սուրիկ Խաչատրյանը։ Մարզպետը շարունակում է պնդել, որ իր որդին անմեղ է. ծեծկռտուքի վայրում եղել է, սակայն որևէ մեկին չի հարվածել, ավելին՝ փորձել է իրարից բաժանել վիճաբանողներին։
Նշենք, որ ԶԼՄ֊ներում տարածված տեղեկատվության համաձայն, մայիսի 2-ի երեկոյան Տիգրան Խաչատրյանը Գորիսում մեքենա վարելիս վիճաբանել է զուգահեռ ընթացող մեքենայի ուղևորների՝ Զաքարյանի և նրա եղբոր հետ։ Երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները գնացել են նշված տարածք, որտեղ նրանց դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ․ եղբայրներին հայհոյել և ծեծի են ենթարկել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով։