Home / Տեսանյութեր / «Գազպրոմի» ղեկավարը խոստումը չկատարեց․ գազի գինը Հայաստանում չի նվազել․ ՀԿ

«Գազպրոմի» ղեկավարը խոստումը չկատարեց․ գազի գինը Հայաստանում չի նվազել․ ՀԿ

2015 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (ռուսաստանյան «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն) սահմանին բնական գազի հազար խորանարդի համար վճարում է 190,65 դոլար։ Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հարցմանն ի պատասխան նշել է «Գազպրոմ Արմենիա»֊ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Մովսեսյանը։ Նա նշել է, որ, ըստ պայմանագրի, գազի գինը Հայաստանում կախված է ՌԴ Օրենբուրգի շրջանի գներից։

gasanswer

Տարածած հայտարարության մեջ ՀԿ֊ն հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանում գազի բաշխմամբ զբաղվող «Գազպրոմ Արմենիա»֊ին մատակարարվող բնական գազի գինը էժանացել է և դարձել 165 ԱՄՆ դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց:

«Այսինքն` Երևանում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և Հայաստան մտնող բնական գազի գինը չի զեղչվել: Իսկ դա նշանակում է, որ «Գազպրոմը» շարունակում է դեպի Հայաստան վաճառված գազի և ռուբլի/դոլար փոխարժեքի փոփոխության հաշվին գերշահույթներ ստանալ», ֊ ընդգծում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Հայտարարությանը ՀԿ֊ն կցել է իր կողմից ավելի վաղ տարածած տեսանյութերից մեկը, որը ներկայացնում է Հայաստան գազի ներմուծման հետ կապված իրավիճակը։

Լուսանկարում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ալեքսեյ Միլլերին պարգևատրում է Բարեկամության շքանշանով