Home / Հայաստան / Դրամ-դոլար փոխարժեքը կապ չունի Էլէներգիայի գնի բարձրացման հետ, պնդում է պատգամավորը

Դրամ-դոլար փոխարժեքը կապ չունի Էլէներգիայի գնի բարձրացման հետ, պնդում է պատգամավորը

Բոլորն ընդունում են, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը(ՀԷՑ) արդյունավետ չի աշխատում, բայց նշում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը մասնակիորեն օբյեկտիվ է, քանի որ դրամ-դոլար փոխարժեքը 16 տոկոսով փոխվել է: Այս «պատճառը» նույնպես անընդունելի է: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով, իսկ Հանձնաժողովը վաղը քննարկելու է սակագինը 6.93 դրամով բարձրացնելու հարցը:

«Դրամի փոխարժեքը ոչ մի ուղղակի կապ չունի հոսանքի գնի հետ: Հոսանքը գազ չէ: Էլեկտրաէներգիայի սոսկ 29 տոկոսն է ՋԷԿ-երում արտադրվում: Դրա մեջ էլ գազի դերը կեսն է (ՀԷՑ-ի մնացած բոլոր ծախսերը դրամով են): Այսպիսով՝ եթե դրամի կուրսը փոխվել է 16 տոկոսով, ապա դրանով պայմանավորված հոսանքի գինը մաքսիմում կարող է (բարձրանալ) 2.3 տոկոսով: Այսինքն՝ խոսք կարող էր լինել միայն 0.84 (այլ ոչ թե 6.93) դրամով թանկացման մասին», – բացատրել է պատգամավորը:

Բարգրատյանը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը. ՀԷԿ-եր՝ 29 տոկոս, ՋԷԿ-եր՝ 29 տոկոս և ատոմակայան՝ 42 տոկոս:

Ռուսաստանում այդ թվերը, համապատասխանաբար, 16, 67 և 17 տոկոս են: Այսինքն՝ հոսանքը Հայաստանում ավելի էժան պիտի լինի՝ անկախ ամեն ինչից, քանզի ջուրը մեզ մոտ ՀԷԿ-երի համար ձրի է: Մինչդեռ օգոստոսի 1-ից հոսանքի գինը Հայաստանում կլինի 49 դրամ, իսկ ՌԴ-ում՝ 19 դրամ է:

Հրանտ Բագրատյանը նկատել է, որ ՀԷՑ-ի խնդիրը գողությունն է և պետությունը պետք է «դրա դեմն առնի»: