Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին «Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները բարձրացրել են ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնության հարցը՝ պահանջելով ազատ արձակել 237 բերման ենթարկվածներին։ Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատել է մի քանի պատգամավորների խոսափողները՝ լսելով, որ ելույթները ոստիկանության գործողությունների մասին են:
«Մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում բերման են ենթարկվել 237 քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ։ Նրանք բերման են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեությունը կատարելիս, ջարդել են նրանց տեսախցիկները: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բռնագրավել են նրանց չիպերը», – ասել է Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ պահանջում է ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին և պատժել մեղավորներին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս անգամ էլ անջատել է Արամ Մանուկյանի խոսափողը՝ ասելով, որ դա վարման կարգին չէր վերաբերում: Սահակյանի այս քայլից հետո դահլիճում աղմուկ է սկսվել, տարբեր պատգամավորներ խոսել են առանց բարձրախոսների, իսկ Սահակյանն ասել է՝ «խնդրում եմ, թույլ տվեք նիստը վարել»:
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն առաջարկել է, որ Գալուստ Սահակյանը խմբակցությունների պատասխանատուներին ընդմիջմանը հրավիրի իր մոտ՝ քննարկման նպատակով:
«Ես ցանկանում եմ հանցագործության մասին հաղորդում տալ: Ես դատապարտում եմ ապօրինի գործողությունները», – ասել է Նիկոլ Փաշինյանը, սակայն ԱԺ խոսնակը նրա խոսքը ևս ընդհատել է։
Զարուհի Փոստանջյանը ևս ցանկացել է խոսել ոստիկանության բռնությունների մասին, սակայն Գալուստ Սահակյանը անջատել է նրա խոսափողը՝ ասելով․ «Ես ձեզ անտեսում եմ»:
Փոստանջյանը նշել է, որ ԱԺ նախագահը իրավունք չունի անջատել խոսափողը՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Իմ իրավունքները բնորոշ է օրենսդրությանը, այդ դուք իրավունք չունեք»:
«Ես գտնվում եմ օրենսդիր մարմնում, ես չեմ գտնվում փողամոլների, թմրամոլների, խաղամոլների ակումբում: Թույլ տվեք արտահայտվել»,- ասել է Փոստանջյանը:
Գալուստ Սահակյանը սպառնացել է Փոստանջյանի նկատմամբ «այլ մեթոդներ» կիրառել ու այդպես էլ չի միացրել խոսափողը։
Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ՀԱԿ խմբակցությունն ի նշան բողոքի լքում է նիստերի դահլիճը։