Home / Տեսանյութեր / Նստացույցի ժամանակ Երևանի փոխոստիկանապետին հիշեցրել են Մարտի 1-ի զոհերի մասին (թարմացված)

Նստացույցի ժամանակ Երևանի փոխոստիկանապետին հիշեցրել են Մարտի 1-ի զոհերի մասին (թարմացված)

01։30 «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Վալերի Օսիպյանին (գլխավոր լուսանկարում) խնդրել է կազմակերպել, որպեսզի լույսերը վառել քաղաքական կարգն ավելի հեշտ պահելու համար։ Երևանի փոխոստիկանապետն ասել է, որ այնտեղ, որտեղ ոստիկանությունն է, հասարակական կարգը չի կարող չի կարող խախտվել։ 

Լևոն Բարսեղյանը հիշեցրել է, որ  2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում, չնայած ոստիկանություն է եղել, 10 մարդ է սպանվել։ Նրա և Երևանի փոխոստիկանապետի միջև հետևյալ երկխոսությունն է ծավալվել․ 

Լ․Բ․ ֊ Դուք շատ լավ գիտեք՝ ինչպիսի զոհեր են եղել Մարտի 1-ին։

Վ․Օ․ ֊ Ոչ, չգիտեմ։

Լ․Բ․ ֊ Թերթ կարդացեք։

Վ․Օ․ ֊ Ո՞ր թերթը, ընդդիմադի՞ր թերթը։

Լ․Բ․ ֊Իշխանության թերթերը։ 53 մեքենա է վառվել, 10 հոգի է գնդակահարվել։

Վ․Օ․ ֊ Այնտեղ ոստիկանություն չի եղել։

Լ․Բ․ ֊ Ախ, Մարտի 1-ին ոստիկանություն չի՞ եղել։

Վ․Օ․ ֊ Այնտեղ, որտեղ մեքենա է այրվել, ոստիկանություն չի եղել։

Լ․Բ․ ֊ Մի ասեք բաներ, որից հետո ստիպված եք արդարանալ։

Հիշեցնենք, որ քննությամբ ապացուցված է, որ առնվազն 3 անձի սպանել են ոստիկանության աշխատակիցները «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից։

01։15 Հունիսի 22-ին՝ կեսգիշերին մոտ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները վեճերից հետո որոշում են կայացրել գիշերել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։ Նրանց պահանջն է չեղարկել Էլեկտրաէներգիայի 1 կիլովատը 7 դրամով թանկացնելու որոշումը։ Ավելի վաղ ցուցայարները մերժել էին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի առաջարկը՝ պատվիրակություն կազմել և հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ 

01։00-ին Բաղրամյան պողոտայի լույսերն անջատել են, իսկ ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ գործողություններ կսկսեն ցուցարարների դեմ, եթե վերջիններս չապահովեն լռությունը։ Նստացուցավորները Վալերի Օսիպյանին խնդրել են վառել լույսերը, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել սադրանքների հավանականությունը։ Ինքնաբուխ ակցիայի մասնակիցները նկատել են, որ նստացույցի վայրում քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկաններ են շրջում, որոնք ավելի վաղ սադրիչ գործողությունների էին դիմում՝ հայհոյում համազգեստավոր ոստիկաններին և նույնիսկ նրանց ուղղությամբ շշեր նետում։ 

Վալերի Օսիպյանը քիչ անց ասել է ցուցարաներին, որ լույսերը միացնել հնարավոր չէ, և եթե նստացույցի մասնակիցները «խախտեն համակեցության կանոնները», ոստիկանները կտրուկ քայլերի կդիմեն՝ «մարդկանց կարգի կհրավիրեն և բաժիններ բերման կենթարկեն»։ Քիչ անց լրագրողների հետ զրույցում Օսիպյանն ասել է, որ լույսերը վառելու հարցով ոչ մեկին չի դիմել։

police