09:20 Ոստիկանության ներկայացուցիչները դերասան Հովհաննես Ազոյանի միջոցով փոխանցել են ցուցարարներին իրենց առաջարկը․ վերադառնալ ու նստացույցը շարունակել Ազատության հրապարակում։ Ցուցարարներից մի աղջիկ հայտարարել է, որ իրենք համաձայն չեն առաջարկին, քանի որ Բաղրամյան պողոտայում իրենք շահեկան դրություն ունեն։ Չնայած Հովհաննես Ազոյանը փորձել է համոզել, որ Ազատության հրապարակում էլ ցուցարարները կարող են շահեկան դրություն ունենալ, մարդիկ հրաժարվում են հեռանալ պողոտայից։
«Էլ մարդ չուղարկեք ստեղ», ֊ գոռացել է ցուցարարներից մեկը՝ դիմելով ոստիկաններին։
08:20 Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մի քանի հարյուր քաղաքացիներ գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Ի տարբերություն հունիսի 23-ի, երբ ոստիկաններն առավոտյան դաժանորեն ցրել էին ցուցարարներին, այս գիշեր իրավապահները ոչ մի գործողություն չեն կիրառել։
Վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում հավաքվածները նշել են, որ իրենց պահանջը նույնն է մնում՝ Էլէներգիայի սակագնի նվազեցում, ու կոչ են արել այլ քաղաքացիներին գալ և փոխարինել իրենց։
Նստացույցը շարունակվում է ավելի քան 10 ժամ․ երեկ կեսգիշերին մոտ քաղաքացիների մի խումբ հայտարարեց, որ ցանկանում է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, չնայած նախորդ օրը նստացուցավորներն այդ հարցը փակված էին համարել։ Այնուամենայնիվ, այդ առաջարկին հավաքվածների մեծ մասը կրկին ընդդիմացավ և նման հանդիպում չկայացավ։ Նշենք, որ երեկ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» վանկարկումների հետ մեկտեղ, հաճախ լսվել է «Սերժիկ, հեռացիր» կարգախոսը։
Այս պահին ցուցարարները հիմնականում շարունակում են մնալ աղբամաններից կառուցված բարիկադների հետևում, նրանց առջև ոստիկանական պատ է։