Բաղրամյան պողոտայում անցկացվող նստացույցով Երևանի կենտրոնն իմաստ ստացավ, ազնվացավ, և այսօր նստացույցը Հայաստանի ամենահետաքրքիր բանն է։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։
Նա բարձր է գնահատել Բաղրամյանի նստացույցի ինքնակազմակերպումը՝ ընդգծելով, որ, օրինակ, 88-ի շարժման ընթացքում ինքնակազմակերպման նկատմամբ մարդիկ բավական անփույտ էին։
«Ինքնակազմակերպումը, ինքնակարգավորումը հիերարխիկ համակարգի, որի մեջ մենք մեծացել ենք, այլընտրանքն է։ Այդ գործիքները շատ քիչ են օգտագործվում․․․ Ինքը շատ հետաքրքիր ձև ա, էքսպերիմենտալ, լավ տարածք ա։ Սա կենտրոն ա, ու դա պետք է բարձր գնահատել», – ասել է Բլեյանը։
Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը համոզված է, որ նստացույցն արդեն իսկ հաջողված կարելի է համարել՝ անկախ նրանից, կհաջողվի ցուցարարներին հասնել սակագնի նվազեցմանը, թե ոչ։
«Որովհետև հասարակության ամենաառաջադեմ շերտը՝ ես պայմանականորեն նրանց ինտերնետ սերունդ եմ կոչում, և ջինսի սերնդի մնացորդները, ովքեր որ չեն ձուլվել քաղքենիների հետ, փողկապավոր պաշտոնյաների հետ, գտան իրար, զգացին իրանց ուժը։ Էդ ուժը հետագայում նոր ձևեր կգտնի իրենց դրսևորելու և արդյունքի կհասնի», ֊ ասել է Մարտիրոսյանը։
Արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը համարում է, որ ներկայումս Բաղրամյան պողոտայում անհայտությունների տիրույթ կա։
«Որոշակի ջանք է անհրաժեշտ գոնե յուրաքանչյուր օր ձևավորվող թեմատիկ խմբերը քիչ, թե շատ աշխատանքային տեսքի բերելու։ Խմբերը պետք է լինեն ֆունկցիոնալ, իսկ ինչ վերաբերում է քննարկումների, ապա այստեղ ամբողջովին հորիզոնական վիճակ է… Ինձ անհանգստացնում է մեր խմբերի արդյունավետության աստիճանը։ Երկու֊երեք խումբ կա, որ իսկապես արդյունագվետ է աշխատում։ ուրիշ խմբեր կան, չգիտեմ, ինչքանով են աշխատում դրանք, ժամանակը ցույց կտա», ֊ ասել է Կարոյանը։
Նա նաև նշել է, որ ներկա պահին ինքը վիճակն ավելի բացասական է գնահատում։
«Ես կարծում եմ՝ պիկը կորցրեցինք մենք՝ ձեռքբերումները ֆիքսելու։ Որովհետև հսկայական ձեռքբերումներ կան։ Հիմա իմ հույսը ինքնակազմակերպումն է, որը թույլ կտա որոշակի ընդհանրացումներ կատարել», ֊ նշել է արվեստի քննադատը։