Home / Տեսանյութեր / Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը․ Սահմանադրության նախագիծ

Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը․ Սահմանադրության նախագիծ

ՀՀ Սահմանդրության նոր նախագիծն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել ընտրիչների ժողովի կողմից, 7 տարի ժամկետով։ Սահմանդրության 1-7 գլուխների նախագիծը հրապարակվել է այսօր Արդարադատության նախարարության կայքում։ Նախագահի լիազորությունները, ըստ նախագծի, սահմանափակվում են․ օրենսդիր իշխանությունն իրականացնում է ԱԺ֊ն, որն էլ, համաձայն նախագծի 88-րդ հոդվածի 3-րդ կետի, վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։

Նոր տարբերակի 4-րդ հոդվածում, որը վերնագրված է «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը», նշվում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։

Հին տարբերակի 4-րդ հոդվածում ասվում էր, որ «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»:

Նոր տարբերակում Հանրապետության նախագահի ընտրության մասին դրույթը հանվել է 1-ին գլխից։ Նախագծի 7-րդ հոդվածում նշվում է միայն, որ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեները անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի դերին և լիազորություններին, ապա դրանց մասին ասված է 5-րդ գլխում, որը կոչվում է «Հանրապետության նախագահը»։ Ըստ այդմ, ՀՀ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած անձը 7 տարի ժամկետով և միայն 1 անգամ։ Նա ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, իսկ վերջինս կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունի ընտրիչների ժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդը։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե որևէ թեկնածու ձայների նման մեծամասնություն չի ստանում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին։ Եթե որևէ թեկնածու երկրորդ փուլում չի ստանում ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է քվեարկության երրորդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած 2 թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է առավելագույն ձայներ։

Նախագծի ամբողջական տարբերակը՝ այստեղ

Tekali Taxi