Բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողները նամակներով դիմել են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱԺ մի քանի հանձնաժողովներին՝ խնդրելով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի իրենց զավակների գործերով։
Ծնողները տարիներ ի վեր ակցիաներ են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և ՀՀ կառավարության մոտ՝ նշելով, որ իրենց որդիների գործերի քննության ընթացքում չեն վերհանվել նրանց մահվան իրական հանգամանքները, չեն պատժվել մեղավորները։ Բազմամյա ապարդյուն բողոքներից հետո ծնողներին հույս է ներշնչում այն փաստը, որ այս անգամ իրենց նամակին պատասխանել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը. «Ձեր կողմից բարձրացրած հարցապնդումներն առաջնային կարևորություն ունեցող գերակա խնդիրներ են, ուստի Հանձնաժողովը ՀՀ օրենսդրության շրջանակներում կփորձի համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք քննարկելու համար»։
Ինչպես Epress.am֊ին հայտնել է նամակի հեղինակներից մեկը՝ 2001 թվականին բանակում զոհված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, թեև Սահակյանի նամակից պարզ չէ՝ արդյոք հանձնաժողով ստեղծվելու է, հարցը քննարկելու պատրաստակամությունն արդեն հուսադրող է։
Ծնողների նամակին ի պատասխան՝ ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ հարցը ուղղել են ԱԺ, քանի որ հանձնաժողովների ստեղծման հարցը խորհրդարանի լիազորությունների տիրույթում է։ Նախագահականից դիմումն ուղարկվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին։
Բանակում զոհվածների ծնողներն այսօր պարզաբանումներ ստանալու համար եկել էին խորհրդարան, սակայն նրանց չի հաջողվել կապ հաստատել որևէ հանձնաժողովի հետ, և նրանք որոշել են սպասել պաշտոնական պատասխանի։
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս բարձրացրել է բանակում մահացած զինծառայողների քրեական գործերը ուսումնասիրելու և մեղավորներին բացահայտելու համար հանձնաժողով ստեղծելու հարցը։