Այսօր ՀՀ նախագահի խոսնակի պաշտոնում Արման Սաղաթելյանի փոխարեն նշնակաված Վլադիմիր Հակոբյանն այն մարդն է, ով փորձել էր հավաքագրել լրագրող Հրայր Մանուկյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Հրայր Մանուկյանը:
Լրագրողն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ ընկերներս սկզբում ինձ տեղեկացրեցին, չհավատացի, որ անգամ մեր նման երկրում նախագահ աշխատող մարդը կարող է այդ տղային նշանակել իր մամլո խոսնակ, մինչև որ չտեսա պաշտոնական հաղորդագրությունը»:
Հրայր Մանուկյանը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը Դատախազություն էին դիմել, ապա նաև դատարան՝ պահանջելով քրեական գործ հարուցել Վլադ Հակոբյանի կողմից իրեն հավաքագրելու փաստի առթիվ: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում ԱԱԾ աշխատակցի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը մնացել է անփոփոխ: Այժմ լրագրողն ու կուսակցությունը դիմել են Վճռաբեկ դատարան:
Քրեական գործ չհարուցելը դատախազությունը հիմնավորել էր նրանով, որ Հրայր Մանուկյանի կատարած ձայնագրության սկավառակը չի կարող իրեղեն ապացույց դիտվել: Գործում «Ժառանգություն» կուսակցության շահերը ներկայացնող փաստաբան Հարություն Բաղդասարյանն ավելի վաղ Epress.am-ին ասել էր, որ դատախազությունը նախ պետք է քրեական գործ հարուցեր, հետո հիմնավորեր իրեղեն ապացույցների շրջանակը:
Այսօր ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրությունում ներկայացվում է Վլադիմիր Հակոբյանի կենսագրությունը․
«Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը՝ ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ամուսնացած չէ»։