2015թ. հուլիսի 15-ին իշխանությունների հրապարակած սահմանադրական փոփոխությունները, իսկ իրականում` նոր Սահմանադրության նախագիծն ապացուցում է, որ, խորհրդարանական համակարգի անցման քողի տակ, Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է և իր հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրության ապահովումն ու հավերժացումը: Այս մասին ասված է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
ՀԱԿ-֊ը, մասնավորապես, ընդգծում է, որ Սահմանադրությամբ երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը (հոդված 89-ի 3-րդ մաս), ինչի նախադեպը աշխարհում գոյություն չունի:
«Տրվում է «կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման» երաշխավորման մեխանիզմը` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի միջև` պառլամենտարիզմի համաշխարհային պրակտիկայում դեռևս երբեք չփորձարկված` քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու միջոցով (հոդված 89-ի 4-րդ մաս): Այս կերպ ոչնչացվում է ժողովրդավարական առանցքային սկզբունքներից մեկը, որ երկրի կառավարումը կարող է ստանձնել միայն ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը ստացած քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերի կոալիցիան», ֊ նշում են հայտարարության հեղինակները:
Կոնգրեսը նաև ընդգծում է, որ խորհրդարանական կառավարման սկզբունքներին հակառակ՝ Ազգային ժողովի նախագահի դիրքերը ամրապնդելու նպատակով էապես թուլացված է պետության իբր առաջին դեմքի` Վարչապետի ինստիտուտը. «Քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով, հեշտացված կարգով կարող է անվստահություն հայտնել Վարչապետին: Ավելին, քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով, հեշտացված կարգով, խորհրդային ժամանակների օրինակով կարող է անվստահություն հայտնել նաև Կառավարության որևէ առանձին անդամի (հոդված 113-ի 2-րդ մաս): Այս դեպքում կառավարությունը հանդես չի գալիս որպես Վարչապետի միասնական թիմ, քանի որ յուրաքանչյուր նախարար քաղաքական կախվածության մեջ է հայտնվում խորհրդարանի քաղաքական մեծամասնության ղեկավար հանդիսացող Ազգային ժողովի նախագահից: Ազգային ժողովի նախագահին հակակշիռ՝ իշխանության երկրորդ բևեռը բացառելու նպատակով, նախագծով խաղաղ պայմանների համար նախատեսված չէ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը (հոդված 154-ի 2-րդ մաս), իսկ զինված ուժերի անմիջական ղեկավարման պարտականությունը խաղաղ պայմաններում դրված է պաշտպանության նախարարի վրա (հոդված 154-ի 1-ին մաս), ով, կառավարության մյուս անդամների պես՝ կախվածության մեջ է Ազգային ժողովի նախագահից»:
Բացի դա, հայտարարության հեղինակները նշում են, որ Ազգային ժողովի նախագահին հակակշիռները վերացնելու նպատակով Հանրապետության նախագահի ինստիտուտը վերածված է ձևական, արարողակարգային պաշտոնի, որին, ըստ էության, նշանակելու է ՀՀԿ-ի քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը (հոդված 125):
«Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած ավազակախմբի վերարտադրության և իշխանության հավերժացման նպատակով ստեղծված նոր Սահմանադրության նախագիծը, ըստ էության, իշխանության յուրացման նպատակով հերթական պետական հեղաշրջման ծրագիր է: Նրանով հասարակությանը միաժամանակ հրամցվում է հասարակական-քաղաքական հարաբերությունների մի համակարգ, որը լուրջ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի պետականության համար…
…Ըստ էության՝ վերացվում է ժողովրդավարական կարգը, և սահմանադրորեն ամրագրվում է բռնապետության հաստատումը», ֊ նշում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը: