Թուրքիայի իշխանությունների կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող օդային հարվածների հիմնական նպատակը ոչ թե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, այլ քրդերի միասնությունը խաթարելը։ Այս մասին Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում ընդդիամդիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը (լուսանկարում)։
Նա ընդգծել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրիրը հակամարտության է տանում, քանի որ չի կարողացել մեծամասնություն ստանալ երկու ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում։
«Թուրքիան մեկ֊երկու ցուցադրական հարված իրակաանցրեց ԻՊ֊ի դիրքերի ուղղությամբ առանց լուրջ վնաս հասցնելու նրանց։ ԻՊ֊ն Թուրքիայի կողմից լուրջ ճնշում չի զգում։ Իրականում Թուրքիան ԻՊ֊ի դեմ լուրջ քայլեր ձեռնարկելու նպատակ չի հետապնդում։ Հիմնական նպատակը խանգարել հյուսիսային Սիրիայում քրդական միավորում ստեղծել», ֊ նշել է ԺԴԿ֊ի համանախագահը։
Թուրքական Today's Zaman պարբերականը, մեկնաբանելով Դեմիրթաշի հարցազրույցը, նշում է, որ պաշտոնական Անկարայի համար խնդիր է այն, որ Սիրիայի Քրդական դեմոկրատական միություն կուսակցությունը հաջողություններ է գրանցում ԻՊ֊ի դեմ պայքարում։ Այժմ թուրք֊սիրիական սահմանը վերահսկվում է քրդերի կողմից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իշխող կուսակցության անդամները վախենում են, թե քրդերի առաջխաղացումը Սիրիայում կարող է քաջալերել Թուրքիայում բնակվող 14 միլիոն քրդերին, ովքեր կսկսեն ավելի ակտիվ համագործակցել պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության հետ։
Իր հարցազրույցում Դեմիրթաշը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե երբեք թույլ չի տա քրդերի միավորումը Սիրիայում։