Երեկ երեկոյան Ստամբուլում տեղի ունեցավ հակաիսլամիստական ցույց, որը նպատակ ուներ հիշել հուլիսի 24-ին սպանված Մարդկանց Ճակատ (HC- Halk Cephesi) ծայրահեղ ձախական ընդհատակյա կազմակերպության անդամ, մարքսիստուհի Գյունայ Օզարսլանիին, ում մարմինը ցուցարարները պահանջում էին վերադարձնել նրա բարեկամներին։ Համաձայն պաշտոնական տվյալների Գյունայը մահացել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ, չնայած լրագրողների և փաստաբանների փոխանցմամբ Գյունայ Օզարսլանն անզեն է եղել։
Ինչպես գրում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Անիշխան» խմբի էջը, ոստիկանությունը պղպեղային գազ կիրառելով խաղաղ ցուցարարների նկատմամբ և քաղացիական հագուստով ոստիկանների օգնությամբ սադրանքներ իրականացնելով՝ դրդել է նրանց պատասխան բռնության։ Չնայած բազմաթիվ ձախեր ձերբակալվել են, ցույցը շարունակվել և թափ է հավաքել՝ անցնելով բարիկադային հակամարտության փուլ։ Ավելի ուշ ոստիկանությունը դադարեցրել է հարձակումները և կատարել ցուցարարների պահանջը՝ Գյունայի դին բարեկամներին վերադարձնելով։
Այսօր ժամը 19:30 «Ուսանողական կոլեկտիվները», որ մեծամասամբ ձախական կազմակերպություն է, նախատեսում է Ստամբուլում բողոքի մեծ ցույց անցկացնել։ Աշխարհով մեկ տարբեր ձախ և անարխիստական խմբեր հայտարարում են իսլամիզմի և էրդողանական ռեժիմի դեմ ուղղված պայքարի հետ իրենց սոլիդարության մասին։
Զուգահեռաբար իրավիճակը թեժանում է Թուրքիայի այլ հատվածներում․ Դիարբեքիրում ռումբով պայթեցվել է ոստիկանության բաժանմունք․ որոշ տեղեկություններով այդ պայթյունը իրականացրել են Քրդական Բանվորական Կուսակցության (PKK) անդամները։ Արդյունքում սպանվել է երկու ոստիկան։
Բիսմիլ քաղաքում ևս զինված հարձակում է եղել ոստիկանության բաժանմունքի վրա, արդյունքում 8 ոստիկան ծանր վիրավորվել է։
Թուրքական մեդիան հիմնականում դեռևս լռում է, իսկ համացանցում մեծ քանակությամբ ապատեղեկատվություն է շրջանառվում։
Որոշ ձախ ռեսուրսների հաստատմամբ՝ PKK֊ն իրոք ակտիվ մասնակցություն ունի Դիարբեքիրի հակամարտությունում։ Այժմ այդտեղ Թուրքիայի ԶՈՒ֊ի մասնկացությամբ թեժ կռիվներ են շարունակվում, կարծես, նույնիսկ ավիացիա է կիրառվում։
«Անիշխան»֊ը նշում է, որ PKK֊ն կոչ է անում վաղվանից համաքրդական ապստամբություն բարձրացնել։ Ուժերի դասավորությունն առայժմ անհասկանալի է․ պարզ չի՝ արդյոք արմատական ձախերը կգնան PKK֊ի ազգայնական թեքում ունեցող ձախերի հետ ժամանակավոր դաշինքի, թե կփորձեն հեռանալ մուրճի և զնդանի արանքից։ Նույնպես անհասկանալի է, թե ինչպես իրեն կպահի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Նշենք, որ Թուրքիայում իրավիճակը թեժացել է Սուրուչի պայթյունից հետո, որը 32 մարդու կյանք է խլել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն»֊ը, որից հետո PKK֊ն երկու թուրք ոստիկանի է սպանել՝ Թուրքիայի իշխանություններին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ։