հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Մաքսատուն֊ԱԱԾ֊Ֆիննախ․ ինչպես է պետությունն «աջակցում» փոքր բիզնեսին

Մաքսատուն֊ԱԱԾ֊Ֆիննախ․ ինչպես է պետությունն «աջակցում» փոքր բիզնեսին

Հայաստանի Եվրասիական միությանը անդամակցելով՝ հայաստանյան ընկերությունների և գործարարների համար լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտներ են ստեղծվել, որոնք գործարարներին կանգնեցնում են կոռուպցիային դիմելու պարտադրանքի առջև: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ֊ի տնօրեն, ինժեներ-գործարար Վարդգես Գասպարին:

Վերջին օրերին Գասպարին լուրջ խոչընդոտների է բախվել Թայվանից ներկրված ապրանքը մաքսազերծելու ընթացքում։ Ներկրման ենթակա ապրանքը՝ ամբարձիչի հեռակառավարման վահանակը, Գասպարին պատրաստվում է Վրաստան արտահանել:

Դեռևս ապրանքը ներկրելուց առաջ՝ օգոստոսի 14-ին, ընկերության տնօրենը դիմել էր Ֆինանսների նախարարությանը և «Զվարթնոց» մաքսատանը՝ հարցնելով, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապրանքը մաքսազերծելու համար։ Իր հարցման հետ ինժեներն ուղարկել է նաև ապրանքի տեխնիկական նկարագիրը։

Ֆիննախարարությունը հարցմանը չի պատասխանել, իսկ մաքսատունն արձագանքել է 4 օր անց՝ տեղեկացնելով, որ ապրանքը մաքսազերծելու համար հարկավոր է երեք արտոնագրված ընկերություններից մեկի կողմից ստանալ վկայական առ այն, որ ապրանքը չունի ռազմական նշանակություն: Մաքսատան նամակի մեջ, սակայն, նշված ապրանքային կոդը՝ 8543, սխալ է եղել: Գասպարին դա պարզել է՝ ուսումնասիրելով համապատասխան օրենքներն ու իրավական ակերը, ապա կրկին նամակ է գրել՝ տեղեկացնելով վրիպակի մասին, քանի որ իրականում իր ապրանքի կոդը 8526 է։ Նրան պատասխանել են այն ժամանակ, երբ ապրանքն արդեն Հայաստանում է եղել՝ սեպտեմբերի 1-ին։ Մաքսատունն ընդունել է, որ կոդը սխալ էր նշվել՝ հավելելով, որ 8526 կոդավորման տակ ընկնող ապրանքների դեպքում հարկավոր է թույլտվություն ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից. դա ամրագրվում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրով և հետո ընդունված կառավարության որոշումներից մեկով: Համաձայն որոշման՝ նման հեռակառավարման սարքերը պետք է ստուգում անցնեն ԱԱԾ-ում:

Չնայած մաքսատունն ընդունել է իր սխալը, սակայն չի ցանկացել որևէ կերպ միջամտել գործին, քանի որ Գասպարիի ապրանքը Հայաստան է եկել DHL ընկերության արագընթաց փոստով և այլ մաքսատուն է ուղարկվել, որտեղ ասել են, թե սխալ տեղեկատվությունը «Զվարթնոցում» են տրամադրել և իրենք էլ ոչինչ անել չեն կարող։ «ՎԱԼ Օթոմեյշն»֊ի տնօրենն ընդգծում է, որ ՀՀ բոլոր մաքսատները գործում են նույն օրենսդրությամբ և Ֆինանսների նախարարության վերահսկողության ներքո, իսկ այդ պետական մարմինն իրեն այդպես էլ չի պատասխանել։

Ինչևէ, Գասպարին ստիպված է եղել սեպտեմբերի 2-ին դիմել Ազգային անվստանգության ծառայություն։ Նա էլեկտրոնային փոստով դիմում է ուղարկել, ապա զանգահարել ԱԱԾ, որտեղից նրան հավաստիացրել են, թե իր նամակը և կից փաստաթղթերը ստացել են: Սակայն սեպտեմբերի 4-ին մաքսային մարմինները հայտարարել են, որ ԱԱԾ-ն չի ստացել Գասպարիի առցանց դիմումը:

Նույն օրը Գասպարին գնացել է ԱԱԾ և ձեռագիր դիմում գրել, ապա խնդրել է ԱԱԾ աշխատակցին ստացական ստորագրել ի ապացույց այն բանի, որ ԱԱԾ֊ում իր դիմումը ստացել են։ Աշխատակիցը, սակայն, ասել է․ «Մենք չենք ստորագրում, ԱԱԾ-ում ոչինչ չի կորում»:

Որոշ ժամանակ սպասելով՝ Գասպարին ասել է, որ ինքը բողոքի ակցիա կանի ԱԱԾ֊ի մուտքի դիմաց, եթե աշխատակիցը չստորագրի ստացականը, որից հետո վերջինս հեռախոսով զրուցել է ինչ֊որ մեկի հետ, ապա ստորագրել է դիմումը: Երեկվա ընթացքում Վարդգես Գասպարին պատասխան չի ստացել, ու նրա ապրանքը շարունակում է մնալ մաքսատանը։

Փոքր բիզնեսով զբաղվող Գասպարին նշում է, որ շատ հեշտ կարելի էր ստանալ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, եթե ծանոթներ գտներ և կաշառք տար։ ԵՏՄ֊ին անդամակցելուց հետո ցուցակների մեջ են մտցրել ոչ ԵՏՄ երկրներից ներմուծվող բազմաթիվ ապրանքներ, ինչը լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում։  Ինժեների խոսքով՝ եթե իր ներկրած ապրանքի համար թույլտվություն է պետք, նույն տրամաբանությամբ նման փաստաթղթեր ամեն անգամ պետք է ստանան հեռուստացույցի, խաղալիքների հեռակառավարման վահանակներ ներմուծողները։

Մաքսային մարմիններին ուղղված մեկ այլ նամակով Գասպարին հարցում է արել՝ քանի ներկրող է դիմել ԱԱԾ՝ խաղալիք մեքենաների, օդորակիչների, ավտոտնակների դռների և այլ ապրանքների հեռակառավարման վահանակների համար թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Բոլոր այդ ապրանքները նույնպես որոշակի կոդի տակ են ընկնում։ Իր նամակի պատասխանն ինժեներ֊գործարարը դեռ չի ստացել։

«Այս ամենը ժամանակ է տանում: Կոռուպցիան հենց ժամանակի վրա է աշխատում: Թեկուզ ամեն տարրական ընկալմամբ ես ամեն օր մաքսայինում իմ ապրանքը մնալու համար պետք է գումար վճարեմ: Ստացվում է, որ եթե ես մաղարիչ անեմ, դա նվազ ծախսատար կլինի, քան այն կորուստը, որ հիմա եմ կրում: Բայց եթե մի անգամ ես ծանոթ գտնեմ, ինձ այլևս փողոցում պայքարելուց, ակցիաներին մասնակցելուց չեք տեսնի: Այդպես է, որ մարդիկ, առավել ևսգործարարները վախենում են: Իշխանություններն այդ ամենը թույլ են տալիս, որպեսզի հետո պայքարող մարդու աչքը մտցնեն իր արած խախտումները։

Երկրորդ տարբերակն այն է, որ դիմեմ դատարան: Բայց ես դատարանի հետ նստած եմ խոսում, քանի որ ես չեմ հարգում այդ դատարանը, ինչպե՞ս դիմեմ նրանց»,- ասել է Գասպարին:

Այժմ նա ակնկալում է, որ հաջորդ շաբաթ կստանա անհրաժեշտ փաստաթղթերը և բոլոր օրենքները պահելով կկարողանա վրաստանյան իր հաճախորդին, որին մեծ դժվարությամբ է գտել, ուղարկել ապրանքը։