Քննիչ Սպարտակ Պողոսյանը չի ենթարկվել առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումներին, որոնց համաձայն պարտավոր էր նոտարական փաստաթղթերը կեղծելու մասին գործի առնչությամբ պատշաճ քննություն անցկացնել։ Դատարանները վերացրել էին գործը կարճելու մասին քննիչի որոշումը, սակայն Պողոսյանը կրկին կարճել է գործը: Երկրորդ անգամ կարճման որոշումը ստացած տուժող Գայանե Թումասյանը (լուսանկարում) այն հերթական անգամ բողոքարկում է դատարանում:
Համաձայն հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Թումասյանի, ինքը հանդիսանում է վաշխառության զոհ։ Կինը պնդում է, որ ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, իր սանիկ Վահե Վարդանյանի հետ ստանալով Թումասյանի ամուսնու՝ Լուսաբեկ Սարիբեկյանի լիազորագիրը, վաճառել է ամուսիններին պատկանող առանձնատունը, ինչի արդյունքում Թումասյանը մնացել է անտուն: Կինը, սակայն, հանդիսանալով տան համասեփականատեր, վաճառքի վերաբերյալ թույլտվություն չէր տվել։
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Թումասյանի շահերի ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը, նույնիսկ եթե Լուսաբեկ Սամվելյանը լիազորել էր Վարդանյանին, վերջինս կարող էր տնօրինել միայն տան այն հատվածը, որը պատկանում էր Սամվելյանին: Տանից զրկվելով՝ Գայանե Թումասյանը նույնիսկ տուժողի կարգավիճակ չի ստացել, ուստի նախաքննության ժամանակ չէր կարող միջնորդություններ անել:
Իրավապաշտպանի խոսքով՝ Թումասյանը, բնականաբար, դեմ էր, որ գործը քննի նույն քննիչը, սակայն, չլինելով տուժող, չէր կարող բացարկ հայտնել նրան: Սպարտակ Պողոսյանը նաև գործարքը կնքած նոտար Նոնա Գասպարյանի դեմ որևէ քննչական գործողություն չի իրականացրել, ինչի վերաբերյալ կինը նույնպես հնարավորություն չի ունեցել բողոքել:
«Փաստորեն, դատարանների որոշումները պարտադիր են բոլորի համար, բացի քննիչ Սպարտակ Պողոսյանից: Դատարանները հստակ ցուցումներ են տվել, որ քրեական գործով պետք է առերեսում կատարվի և՛ Հովհաննես Երիցյանի, և՛ Վահե Վարդանյանի հետ: Սակայն Հովհաննես Երիցյանի հետ առերեսում չի կատարվել, իսկ որոշման մեջ քննիչը չի էլ բացատրել՝ ինչու: Եթե նախորդ անգամ ձևական նշել էր, որ Երիցյանին չի հաջողվել գտնել, թեև մենք քննիչին հայտնել էինք Երիցյանի փաստացի բնակության վայրը, այս անգամ նույնիսկ ձևական փորձ չի արվել նրան Գայանե Թումասյանի հետ առերեսելու»,- ասել է Մարինա Պողոսյանը:
Քննիչը իր որոշման մեջ գրել է, որ Վահե Վարդանյանը հայտարարել է, թե Լուսաբեկ Սամվելյանն ամուսնացած չէ, իսկ նոտարը պատասխանատու չէ այդ հայտարարության ճշմարտացիության համար:
Մարինա Պողոսյանը պնդում է՝ նոտարը չէր կարող չնկատել, որ նույն օրը Սամվելյանի և Վարդանյանի միջև մի քանի պայմանագրեր են կնքվել, որոնց համադրությունը շատ կասկածելի է նույնիսկ ոչ իրավաբանների համար. օրինակ, Սամվելյանը լիազորել է Վարդանյանին վաճառել իր առանձնատունը, որն այդ պահին գտնվում էր կալանքի տակ այլ գործով, իսկ Վարդանյանը փոխառություն է տվել Սամվելյանին:
Քննիչի կողմից գործը կարճելու մասին որոշման բողոքարկումը կլսվի հոկտեմբերի 2-ին Ավան և Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: