Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին, ինչպես նաև «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբաններին թույլ չեն տալիս մտնել Ոստիկանության Արաբկիրի բաժին և փաստաբանական աջակցություն ցույց տալ այսօր ԱԺ-ի մոտից բերման ենթարկված քաղաքացիներին։ Այս մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ոստիկանության բաժնից հաղորդել է իրավաբան Արուսյակ Ջուլհակյանը։ Նրա խոսքով՝ իրավաբանները մոտ մեկ ժամ սպասում են բաժնի ընդունարանում։
Բերման ենթարկվելիս փաստաբան Սերգեյ Գրիգորյանը ոստիկաններից պահանջել էր ներկայանալ, կազմել արձանագրություն, ինչպես սահմանված է օրենքով։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ ակտը կազմելու համար հնարավորություն չկա, և Գրիգորյանին մտցրել են մեքենա։
Այսօր ժ․12.00-ին Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող նախաձեռնությունների «Ոչ»-ի ճակատը երթ էր նախաձեռնել դեպի ԱԺ՝ կոչ անելու ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել փոփոխությունների նախագծին: Ակցիայի ավելի քան 20 մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։
ԱԺ֊ն 104՝ կողմ, 10՝ դեմ, 3՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։