ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ցանկանում է, որպեսզի Հանրային հեռուստաընկերությամբ ներկայացվեն Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված հաղորդումներ։ Այսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հաշվետվությանը ծանոթանալով՝ Շարմազանովն ասել է, որ Հանրայինի գործառույթների մեջ պետք է մտնի նախ և առաջ քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը և առաջարկել է կրոնական հաղորդումներ հեռարձակել:
«Մենք գոհ ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունից, որը Մայր Աթոռի օժանդակությամբ իրականացնում է հոգևոր հաղորդումների հեռարձակումը, բայց «Շողակաթ» հեռուստաընկերությունը չունի հեռարձակման այն ծավալները, որն ունի Հանրայինը: Հնարավո՞ր է 2016 թվականին Հանրայինի եթերում ընդգրկել հաղորդումներ, որտեղ մեր հոգևոր հայրերը կներյակացնեն Հայ առաքելական եկեղեցու պատմությունը և դավանած արժեքները»,-ասել է Շարմազանովը:
Ջաղինյանը պատասխանել է, թե Հանրայինն ունի նման հնարավորություն․ «Այո, երևի դրա պակասը կա եթերում: Կփորձենք նման ծրագիր լինի»։
Նա նշել է, որ Հանրային հեռուստաընկերությունը նման հաղորդումներ է հեռարձակում ավելի շատ Հայաստանից դուրս՝ Սփյուռքի համար: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ հոգևոր հաղորդումները նախ Հայաստանում են հարկավոր:
«Սա կարևոր է աղանդների դեմ պայքարելու համատեքստում: Մենք ապրել ենք 70-ամյա խավարի մեջ»,- ասել է Շարմազանովը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, հետաքրքրվել է՝ ի՞նչ է Հանրայինն արել ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողականության գաղափարների տարածման համար։ Պատգամավորի խոսքով՝ այդ ամենը հաշվետվության մեջ նշված է եղել որպես Հանրայինի նպատակ․ «Ես հիմա ուզում եմ իմանալ Ձեզանից, այդ որ հաղորդումներն են, որ նպաստել են այդ գաղափարների տարածմանը: Քանի՞ ֆիլմ եք ցուցադրել, քանի՞ հաղորդում եք պատրաստել, որ այս նպատակին կարողանայինք հասնել»:
Ջաղինյանը չի պատասխանել հարցին՝ նշելով, որ մի շաբաթվա ընթացքում այդ հաղորդումների տեսագրությունները կձայնագրի և կտրամադրի պատգամավորին:
«Հիմա չե՞ք կարող ասել՝ քանի ֆիլմ եք ցույց տվել հեղափոխությունների մասին, այն կերպարների մասին, ովքեր այս կամ այն երկրի ժողովրդավարացման ակունքներում են եղել», – կրկին հարցրել է Փոստանջյանը:
Խորհրդի նախագահն ասել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ցույց է տվել, օրինակ, «Սպարտակ», «Սարոյան եղբայրներ» ֆիլմերը։
«Վլադիմիր Իլիչ Լենինի գործունեությունն ենք ցույց տալիս», ֊ նշել է զեկուցողը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հետաքրքրել է՝ ինչո՞ւ իշխանությանը դեմ արտահայտվող անձինք չեն հրավիրվում ոչ բանավեճերի, ոչ հարցազրույցների Հանրայինի եթերում: Պատգամավորը նաև առաջարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Հանրային հեռուստաընկերությամբ հավասար եթեր տրամադրել «այո»-ի և «ոչ»-ի ճամբարներին:
Անդրադառնալով ընդդիմադիրների թեմային՝ Ջաղինյանը պնդել է, որ իրենք նման դիտավորություն չունեն։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա, զեկուցողի խոսքով, հանրաքվեի վերաբերյալ իրազեկման ձևաչափ չկա, սակայն նա խոստացել է, որ իրենք կմտախեն նման ձևաչափի շուրջ՝ բոլոր կողմերին եթեր տալու նպատակով: