Ոստիկանների «օրինական պահանջը չկատարելու» պատճառով Ազատության հրապարակ մուտք գործելս տևեց մոտ կես ժամ։ Այն էլ՝ ստիպված եղա շրջանցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, որի մոտ հավաքվել էին «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչները, որոնց մի մասը նաև գիշերել էր հրապարակում։
Մաշտոցի պողոտայի մուտքի մոտ խոչընդոտների չհանդիպեցի։ Տեսա միայն, թե ինչպես ոստիկանները մի երիտասարդի խնդրեցին բացել ուսապարկը, ստուգեցին դրա պարունակությունն ու հրաժեշտ տվեցին քաղաքացուն։
Իսկ ես հետաքրքրասեր գտնվեցի, ինչի հետևանքով լեյտենանտ Ղազարյանն, ով այդպես էլ չնշեց իր անունը, զանգահարեց գործընկերներին և բողոքեց․ «Քաղաքացին հրաժարվում ա պայուսակը բացի, եկեք տանենք բաժին»։ Բաժին տանելու վտանգի մասին ինձ նախապես էր զգուշացրել։ Ինչո՞ւ է նա ուզում ստուգել իմ պայուսակը հարցին, ոստիկանն ասաց, թե իրավունք ունի, նման հրաման կա, սակայն համապատասխան թույլտվություն չներկայացրեց և օրենքը չմեջբերեց։ Այդ ընթացքում նաև պարզվեց, որ Երևանում արտակարգ դրություն է հայտարարված, այդ իսկ պատճառով քաղաքացիները պարտավոր են ենթարկվել։ Սակայն արտակարգ դրություն հայտարարելու օրն ու ժամը նա չհայտնեց։
Մեզ միացան 3 ոստիկաններ։ Նրանցից մեկը ներկայանալուց հետո նույնպես հարցրեց, թե ինչու եմ ես հակադարձում «ոստիկանների օրինական պահանջին»։ Երբ փորձեցի պարզել, թե երբվանից է Երևանում արտակարգ դրություն հայտարարված, նոր զրուցակիցս ասաց, որ նման բան չկա։
– Ձեր գործընկերն է ասում, դրա համար էլ ուզում է՝ պայուսակս բացեմ։
– Ես նման բան չեմ ասել, – շփոթվեց լեյտենանտ Ղազարյանը։ Մեզ մոտեցավ մի կին, որն ուզում էր անցնել Ազատության հրապարակով, և նրան դիմեցին նույն խնդրանքով։ Սակայն երբ հուշեցի, որ պարտավոր չէ դա անել, ռուսերեն դիմեց ոստիկանության աշխատակիցներին․ «Ես գնում եմ գործի, «Մոսկվա» կինոթատրոնում եմ աշխատում»։ Թվաց՝ արդեն իմ պատճառով որոշեցին այդ կնոջ հետ էլ զրույցի ընկնել՝ «Բացեք, ստուգում ենք, ձեր անվտանգության համար ենք անում» և այլն։
– Երբ պետք է մի լուրջ խնդիր լուծեք, չեք անում, ձեր գործը չի, իսկ հիմա պայուսակս եք ուզում ստուգել։ Թույլ չեմ տալիս, – ասաց կինը, շրջվեց ու գնաց այլ ուղղությամբ։
– Ռուզ ջան, մի հատ կգա՞ս, – իր գործընկերուհուն կանչեց ոստիկանը։ Ասացի, որ ինձ համար կապ չունի, կին է իրավապահ մարմինների աշխատակիցը, թե տղամարդ, մեկ է՝ իրավունք չունեն խուզարկել։ Տեղեկացա, որ «միտինգի վախտ» իրենք միշտ են նման գործողություններ իրականացրել, ու դա, ըստ ոստիկանների, նորություն չէ։ Երբ լրագրողի տեսա, որին չդիմեցին, հարցրեցի, ինչու։
– Ինքը լրագրող ա։
– Ես էլ եմ լրագրող։ Ի՞նչ տարբերություն։
– Բա ասեք, եթե լրագրող եք։
– Իսկ ի՞նչ տարբերություն։ Քաղաքացին քայլում է փողոցով, կանգնեցնում, ուզում եք պայուսակը ստուգել, ինչի իրավունքը չունեք։
– Ես բոլոր իրավունքներն էլ ունեմ։
– Չունեք։
– Ես նույնիսկ իրավունք ունեմ ձեզ բաժին տանեմ, դուք էլ իրավունք ունեք դատական կարգով բողոքել։
Քիչ անց երկու գործընկերներս Կարապի լճի կողմից մտան Ազատության հրապարակ։ Նրանք անցան ոստիկանների կողքով. գործընկերներիցս մեկի ուսապարկը իրավապահները, հավանաբար, չնկատեցին և խուզարկության պահանջով չդիմեցին։ Ոստիկաններն այդպես էլ հստակ չկարողացան բացատրել՝ ինչ սկզբունքով են դիմում քաղաքացիներին խուզարկության պահանջով։
Ալլա Մ․