հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Տեղամասում ծեծել են «Ժառանգության» վարչության անդամին, ապա նրան գումար առաջարկել (թարմացված)

Տեղամասում ծեծել են «Ժառանգության» վարչության անդամին, ապա նրան գումար առաջարկել (թարմացված)

01:50 «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է իր հետ ընտրատեղամասում տեղի ունեցածը․

«Քվեաթերթիկները հաշվելու ժամանակ հանձնաժողովի նախագահը թերթիկներն առանց ցույց տալու դնում էր «այո»֊ի և «ոչ»֊ի տրցակների վրա։ Ես մի քանի անգամ պահանջեցի, որ հայտարարեն, ցույց տան՝ նոր դնեն, բայց իրենք շարունակում էին նույն կերպ։ Դրանից բացի, միայն նախագահն չէր, որ հանում էր քվեաթերթիկները, այլ նաև ՀՀԿ-ի կողմից նշանակված անձ կար, ով նույնպես հանում էր։ Ես ասացի՝ եթե հիմա ցույց չեք տալիս, ես վաղ թե ուշ նայելու եմ դրանք։ Հետո մի պահ ես վերցրեցի ու նայեցի թերթիկները ու տեսա, որ բավականին մեծ քանակությամբ «ոչ»-ի թերթիկներ դրված են «այո»֊ի թղթերի տրցակի վրա։ Այդ ժամանակ իմ վրա հարձակվեցին Դավիթաշեն գյուղի գյուղապետը, հանձնաժողովի անդամներից, ՀՀԿ֊ից մեկը ու ինչ֊որ 5 ջահելներ։ Նրանք խլեցին իմ հեռախոսը ու խփեցին։ Այդ ժամանակ քթիցս ուժեղ արյուն եկավ։ Տեղամասում մոտ 15 ոստիկան կար, բայց երբ ես արնահոսելով քայլում էի, ոստիկաններն ասում են հանձնաժողովի նախագահն՝ պետք է մեզ ինչ որ բան ասի, որ անենք։ Մի քանի րոպե ես էդ տարածքում բորբոքված ասում էի, որ իրենք բոլորը նստելու են քրեական հոդվածներով։ Հետո 2 տղա եկան, որոնցից մեկը Միրո ներկայացավ, իսկ մյուսը՝ Ծյոմ, ու տղայական ձևերով [դիմեցին], թե «դու մեր ախպերն ես»։

Սկզբում 200 դոլար, հետո 50 հազար դրամ առաջարկեցին։ Էդ ամբողջ ընթացքում ես մեկուսացված էի ու հասկացա, որ եթե ես չասեմ՝ «հա, դուք իմ ախպերն եք, ամեն ինչ նորմալ ա», իրենք ինձ չեն թողնի տեղամասից դուրս գալ։ Ես ասացի՝ լավ, ինչ ուզում եք արեք, ամեն ինչ նորմալ է։ Վերջում հանեցին 200 «ոչ»֊ի օգտին քվեարկած թերթիկ ու դրեցին «այո»֊ի տրցակի վրա, դրանք էլ դրեցին պարկի մեջ, որը ես ստորագրել եմ, այնպես եմ ստորագրել․ որ իրենք չկարողանան բացել, ու երբ հիմա վերահաշվարկի դիմում տամ, «այո»֊ի տրցակների մեջ հայտանբերելու են «ոչ»֊ի տրցակները։ Կարող ա հիմա իմ գնալուց հետո իրենք ճղել են ու ինչ֊որ բաներ են արել, բայց եթե ճղել են, իմ ստորագրությունը վնասվել է, ու նորից պարզ կլինի դա։ Ես նաև արձանագրությունն եմ ստորագրել, որովհետև եթե ես չստորագրեի, տուգանք էր լինելու։ Էդ ամեն ինչն արել եմ, որ իրենց մի ձև հավատացնեմ, որ խնդիր չկա, իսկ տուն գալուց հետո դիմել եմ ոստիկանություն։ Չեմ հասցրել շտապ օգնություն զանգել, որը հիմա պետք է անեմ։ Ես հետևելում եմ, որ հանձնաժողովի բոլոր անդամները և այնտեղի ոստիկաններն էլ հետը նստեն»։  

00:50 Երևանի 5/1 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին։ Այս մասին լրագրողներին ասել է «Ժառանգության» փոխնախագահ, Սահմանադրության նախագծի դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժման անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Մանուկյանն ընտրախախտումներ էր բացահայտել: Մարտիրոսյանը նշել է, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, Մանուկյանին ծեծողները ՀՀԿ֊ի ներկայացուցիչներ են եղել, «Ժառանգության» ներկայացուցչի ձեռքից խլել են նաև հեռախոսը, այս պահին նրա հետ կապ չեն կարողանում հաստատել։

Նշենք նաև, որ դեպքից հետո Հրայր Մանուկյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջից ջնջվել են նրա՝ այսօր արված գրառումներն ու հաղորդագրությունները։