Երևանի բնակիչ Արփինե Գալֆայանն այսօր 10/12 ընտրատեղամասում պահանջել է հանել իր անունն ընտրացուցակից։ Չցանկանալով մասնակցել Սահմանադրության նախագծի հանրաքվեին՝ նա ավելի վաղ նման պահանջով դիմում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ նշելով, որ չի ցանկանում իր մասնակցությամբ լեգիտիմացնել կեղծ գործընթացը, սակայն նրա անունը ցուցակներից չէին հանել։
Ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները նույնպես հրաժարվել են ջնջել վերջինիս անունը ընտրացուցակից՝ պատճառաբանելով, որ իրենք չունեն դրա իրավունքը։
Գալֆայանը ջնջել է այն հատվածը, որտեղ պետք է իր ստորագրությունը լիներ, քանի որ հանձնաժողովի անդամը ձեռքով փակել էր ցուցակում գրված նրա անվան հատվածը։ Նրա գործողությունները հունից հանել են հանձնաժողովի անդամներից մեկին, ով սկսել է գոռգռալ և սպառնացել է ոստիկանություն կանչել։
Գալֆայանը նշել է, որ ցանկանում է պաշտպանել իր իրավունքը և դուրս է եկել ընտրատեղամասից։
«Երբ արդեն հանրաքվեի մասին խոսակցությունները սկսեցին, ես անորոշ վիճակի մեջ էի, որովհետև մի կողմից մտածում էի՝ գնալ ու «ոչ» քվեարկել, իսկ մյուս կողմից չեմ կարող համոզված լինել, որ իմ քվեն տեղ է հասնելու, որովհետև ընտրությունները կեղծված են։ Դրա համար որոշեցի նամակով դիմել ԿԸՀ և ոստիկանություն՝ պահանջելով հանել մեր անունները ընտրացուցակներից։ Քանի որ ոստիկանությունից պատասխան չի եղել, ես որոշեցի գնալ ընտրատեղամաս և իմ ձեռքով ջնջել իմ անունը, որովհետև չգիտեմ, թե իմ անվան հետ ինչ կկատարվի դրանից հետո։ Ես հասկանում եմ, որ ոչինչ հնարավոր չէ դրանով անել, սակայն դա նաև արժանապատվության հարց է․ ես չեմ ցանկանում մասնակցել մի գործընթացի, որը ի սկզբանե ինձ ու մյուս քաղաքացիներին մանիպուլիացիայի ենթարկելու համար է»,- Epress.am֊ի հետ զրույցում ասել է Գալֆայանը։