Այսօր առավոտյան՝ 09.00֊ի սահմաններում, Քանաքեռ֊Զեյթուն համայնքում տեղակայված 3/18 ընտրական տեղամասում մի երիտասարդ փորձել է ուսումնասիրել ընտրացուցակները՝ ասելով, որ ուզում է ճշտել՝ «ցուցակի մարդիկ եկել են ընտրելու, թե դեռ ոչ»։ Այս մասին Epress.am-ին հայտնել է տեղամասի հանձնաժողովի նախագահ Վահագն Գևորգյանը։ Երիտասարդն ասել է, որ իրեն ուղարկել են Հանրապետական կուսակցության շտաբից։
Գևորգյանը տեսանկարահանել է երիտասարդին և նրա ցուցակը, որտեղ նշված են եղել տեղամասում քվեարկողների անուններ։
«Մոտը ցուցակ կար, ասաց, որ դա այն մարդկանց ցուցակն է, ում մասնակցությունը պարտավոր է ապահովել։ Ասաց, որ աշխատում է Հհանրապետականում։ [Պետք է] ստուգի իր մարդիկ գալիս են, թե չէ, ով եկել էր, անվան վրա գիծ էր քաշել», ֊ պատմել է Գևորգյանը։
Նա նշել է, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել երիտասարդին։
Տեսանյութը տրամադրել է Վահագն Գևորգյանը․
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվում է նոր Սահմանդրության նախագծի հանրաքվեն, որը նախաձեռնել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։Համաձայն նախագծի, Հայաստանը խորհրդարանական կառավարման է անցնելու։ Սահմանադրության նախագծին դեմ են հանդես գալիս քաղաքական ուժեր՝ «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները, մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ։