Երեքշաբթի՝ դեկտեմբերի 15֊ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը Ռուսաստանի Սահմանադրական դատարանին իրավունք է տալիս որոշել՝ արդյոք պետք է կատարել մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ միջպետական կառույցների, առաջին հերթին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։
«Դոժդ» հեռուստաալիքի փոխանցմամբ, օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանը որոշում ընդունելիս ղեկավարվելու է ռուսաստանյան Սահմանադրության գերակայության սկզբունքով․ սահմանվելու է հատուկ իրավական մեխանիզմ, որը թույլ է տալու կամ մերժելու է Ռուսաստանի դեմ ընդունված վճիռների իրականացումը՝ «Սահմանադրության գերակայության ու բարձրագույն իրավական ուժի սկզբունքների տեսանկյունից»։
Օրինագիծը քննարկման էր դրվել նոյեմբերի 18֊ին ու Պետդումայի կողմից ընդունվել դեկտեմբերի 4֊ին։
2015 թվականի հուլիսին ՌԴ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված մեկ այլ որոշման համաձայն, Ռուսաստանը կարող է չիրականացնել ՄԻԵԴ֊ի վճիռները, երբ «խախտվում են ռուսաստանյան հիմնարար սահմանադրական նորմերը»։