Նոր Սահմանադրությունը տնտեսական մրցակցության բնագավառում փոփոխություն է նախատեսում, որի համաձայն պետք է լուծվեն գերիշխող տնտեսվարողների կողմից դիրքերի չարաշահման խնդիրը: Այսօր «Մեդիա կենտրոն» ակումբում քննարկման ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը, սակայն, ասել է, որ ոչ մի կոնկրետ փոփոխություն դեպի դրականը չի տեսնում:
«Ի՞նչ էր խանգարում նախկին Սահմանադրությամբ արգելել գերիշխող դիրքի չարաշահումները, – հարց է բարձրացրել բանախոսը, – եթե չկա կամք, նոր Սահմանադրությունն էլ ոչինչ չի կարող անել գերիշխող դիրքերի չարաշահման տեսակետից»:
Գևորգյանն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանը տարածաշրջանում ունի ամենամոնոպոլիզացված տնտեսությունը:
Ըստ նրա՝ մինչ օրս էլ բնագավառում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն ուսումնասիրվել:
Մասնավորապես, Գևորգյանը որպես օրինակ նշել է բանանի շուկան, որտեղ ուսումնասիրություն չի իրականացվել:
«Մոսկվայում 1 կգ բանանի արժեքը 60 ռուբլի է (մոտ 420 դրամ) իսկ «Երևան Սիթիում» կրկնակի է՝ 870 դրամ: Ինչո՞ւ է միևնույն տնտեսական գոտում գտնվող երկու երկրներում այդքան մեծ բանանի գների տարբերությունը: ԵՏՄ անդամ լինելուց հետո Հայաստանը մաքսատուրք չպետք է վճարեր: Այդ դեպքում մեզ մոտ առավելագույնը 550 դրամ պետք է լիներ բանանի մեկ կիլոգրամը», ֊ ասել է լրագրողը:
Բանախոսն ընդգծել է, որ Հայաստանում չի խթանվում այլընտրանքային ներկրումը․ «Բանանի մեկ ներկրող կա՝ «Քեթրին» կազմակերպությունը, որը պատկանում է Միհրան Պողոսյանին (ԴԱՀԿ ղեկավար ֊ խմբ․): Եվ ոչ մեկը չի ուսումնասիրում բանանի շուկան, որովհետև վախենում են»:
Հայկ Գևորգյանը և քննարկման մեկ այլ մասնակից, տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանն ընդգծել են, որ, չնայած ՀՀ օրենքը չի արգելում գերիշխող դիրք ունենալ, սակայն արգելում է դրա չարաշահումը:
Լրագրողներին փորձել է հակադարձել քննարկման մասնակից, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ֊ական պատգամավոր Վարդան Այվազյանը.
«Հա՛յկ ջան, էսի քեզի գիրքը, էս քեզի դավթարը, ցույց տու, թե որտեղ ա չարաշահել: Դե հիմա սուպերմեն տնտեսագետներով բացատրեք ընձի՝ 10 դրամ Մոսկվայում ա [բանանը], 3 դրամ՝ Թիֆլիսում ա, 1 դրամ՝ Մոզամբիկում ա․ հիմա հարց եմ տալիս՝ էդ մարդը 900 ա ստեղ ծախում, ի՞նչ ա ստեղ խնդիրը, ասեք: Ընձի մեխանիզմը բացատրեք»:
Թունյանն ասել է, որ այդ դեպքերում, երբ ինչ-որ ապրանքի գինը թանկանում է, տնտեսվարողը պետք է բացատրի, թե ինչ պատճառով է դա արվում։