Վառելիքի գնի հետ կապված վիճակը խայտառակ է, որովհետև ամբողջ աշխարհում վառելքի գինը իջնում է, նավթն ու գազը էժանանում են, իսկ Հայաստանում գները շարունակում են շատ բարձր մնալ։ Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։
«Օրինակ, Հայաստանում բենզինի գինը վերջին տարվա մեջ ընկել է ընդհամենը11 տոկոսով, մինչդեռ Ռուսաստանում 33 տոկոսով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում և Ֆրանսիայում՝ 18, Իտալիայում 26 տոկոսով, Ռումինիայում 23 տոկոսով, Կանադայում 28 տոկոսով, Ճապոնիայում 27 տոկոսով, Ինդոնեզիայում 30 տոկոսով և Թուրքիայում՝ 40 տոկոսով։
Նույնը կարելի է ասել նաև գազի գնի մասին։ Չնայած աշխարհում գազի գնի նվազմանը՝ մենք «Գազպրոմին» հետ ստորագրել ենք մի պայմանագիր, որով նրան մոնոպոլիա ենք տվել և կորցրել ենք, օրինակ, Իրանի հետ բանակցելու կամ նրանից գազ գնելու ազատությունը։ Այդ դիտավորյալ ստեղծված մոնոպոլիայի արդյունքում Հայաստանի տնտեսությունը խեղդվել է»,- ասել է Զուրաբյանը։
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով պատգամավորին, նշել է, որ Կառավարությունը խնդիրը շատ է կարևորում․ «Մենք դիմել ենք Ռուսաստանի իշխանություններին և սպասում ենք այդ խնդրի վերաբերյալ լուծումներին։ Իսկ ինչ վերաբերվում է մոնոպոլիային, կարող եմ ասել, որ «Գազպրոմի» հետ պայմանագրում չկան սահմանափակումներ մեկ այլ երկրից գազ ներկրելու մասին, և այս պահին մենք Իրանի հետ բանակցությունների մեջ ենք»։
Լևոն Զուրաբյանը, արձագանքելով Գաբրիելյանին, այնուամենայնիվ, պնդել է, որ ամբողջ խնդրի լուծումը մենաշնորhայնացման մեջ է․ «2007 թվականին Հայաստան բենզին ներկրող 21 սուբյեկտ է եղել, 2011 թվականին՝ 5 սուբյեկտ և 2016 թվականին գոյություն ունի միայն մեկ ներկրող սուբյեկտ։ Ակնհայտ է, որ ամբողջ խնդիրը մենաշնորhայնացումն է։ Մենք տեղեկություններ ունենք, որ բենզինի գինը Հայասատանում դրվում է քաղաքական կամքի արդյունքում և սպասարկում է այն մարդկանց, ովքեր գերշահույթներ են ստանում դրանից»։