Ինժեներ Վարդգես Գասպարին, ով հունվարի 20-ին հրաժարվել էր դատարանի կողմից նշանակված հանրային պաշտպան Մերի Ալավերդյանի ծառայություններից, ստիպված է պաշտպանից հրաժարվելու դիմումներ գրել Հանրային պաշտպանի գրասենյակի բոլոր փաստաբաններին։
Փետրվարի 3-ին նա Գրասենյակից գրություն է ստացել, որտեղ նշված է եղել, թե Գասպարին հրաժարվել է իր պաշտպաններ Դավիթ Գյուրջյանից և Տիգրան Եգորյանից, դրա պատճառով նրան տրամադրել են նոր հանրային պաշտպան՝ Լյուդվիգ Ավետիսյանին։
Ինժեները պատասխան գրություն է ուղարկել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանին և Գրասենյակի կողմից նոր նշանակված պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին և հրաժարվել վերջինիս ծառայություններից՝ նշելով, որ իրականում ինքը չի հրաժարվել իր պաշտպաններ Դավիթ Գյուրջյանից, Լուսինե Հակոբյանից և Տիգրան Եգորյանից, և միայն նրանք են հանդիսանում իր օրինական ներկայացուցիչները։ Միևնույն ժամանակ, նա խնդրել է Հանրային պաշտպանի գրասենյակից իրեն տրամադրել գրասենյակի բոլոր փաստաբանների անվանացանկը, որպեսզի ինքը կարողանա բոլորին առանձին-առանձին դիմում ուղարկել՝ հրաժարվելով նրանց ծառայություններից ևս։
Դիմելով ՀՊԳ ղեկավար Առուստամյանին և փաստաբան Ավետիսյանին՝ Գասպարին հարցնում է, թե ով է լիազորել վերջինիս ծանոթանալ իր գործի նյութերին․ «Ո՞վ դա ձեզ տվեց… Անամոթներ, թույլ չեմ տալիս ինձ և իմ գործերի հետ առնչվեք… ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԻՆՁԱՆԻՑ…»:
Հիշեցնենք, որ Հանրային պաշտպանի գրասենյակը Գասպարիի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում (Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության երկու ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ) տրամադրել էր հանրային պաշտպան (Մերի Ալավերդյան), բայց Գասպարիի դիմումից հետո դադարեցրել էր ինժեներին իրավաբանական ծառայություն մատուցել։ Սակայն Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը կրկին դիմել էր ՀՊԳ՝ նոր պաշտպան տրամադրելու միջնորդությամբ, և Գրասենյակը, բեկանելով նախկին որոշումը, նշանակել է նոր պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին: