Ինժեներ Վարդգես Գասպարին այսօր Փաստաբանների պալատ է հանձնել իր դիմումը, որով հրաժարվում է դատարանի կողմից նշանակված հանրային պաշտպան Մերի Ալավերդյանի ծառայություններից։ Ավելի վաղ Գասպարին հայտարարել էր, որ բոյկոտում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը, որի շրջանակներում նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ։ Ինժեներն ասել էր, որ չի վստահում դատավոր Նելլի Բաղդասարյանին և որևէ արդարադատության սպասելիք չունի։ Նա նաև խնդրել էր իր փաստաբաններին չմասնակցել դատական նիստին, որից հետո դատարանը Գասպարիին հանրային պաշտպան տրամադրելու որոշում է կայացրել։
«Ստացվում է, որ ես պետք է Փաստաբանների պալատի բոլոր փաստաբաններին դիմում գրեմ, որ հանկարծ իմ անունից նրանք չմասնակցեն որևէ դատավարոության։ Տվյալ դեպքում, երբ ես ունեմ իմ նախընտրած փաստաբանները, նրանք դա թողնում են մի կողմ ու առաջնորդվում են դատավորի մի կարգադրությամբ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Վարդգես Գասպարին։
Նա նշել է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտից տուժել է նաև 9 տարի ազատազրկման դատապարտված ակտիվիստ, ծրագրավորող Հայկ Կյուրեղյանը․ «Ես կարող եմ ասել, որ մի փաստաբանի պատճառով տապալվեց մի քաղաքացու ամբողջ քաղաքական գործողությունը, և այն վիճակում, որում հայտնվել է Հայկ Կյուրեղյանը, իրենց մեծ մեղքի բաժինն ունեն նաև այդ հանրային պաշտպանները»։ Նշենք, որ Կյուրեղյանը հայտարարել էր, թե դատարանում հրաժարվում է փաստաբանից. չնայած դրան, հանրային պաշտպան Անժելա Հովոսյանը ներկա էր գտնվում դատական նիստերին։
Դիմումը հանձնելուց հետո Գասպարին ասել է, թե համոզված չէ, որ վաղը կայանալիք դատական նիստին փաստաբան Մերի Ալավերդյանը չի ներկայանա իր անունից․ «Ես հուսով եմ, որ նա այնքան արժանապատվություն կունենա, որ իր ծառայությունները չի փաթաթի իմ վզին»։
Նշենք, որ դատական նիստերին, որոնց Վարգես Գասպարիին հրաժարվել է ներկայանալ, նրան բռնի ուժով բերման են ենթարկում։