Դեկտեմբերի 6-ին թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը ոստիկանություն հաղորդում է տվել, որ այդ օրը դիտորդ Վարդգես Գասպարին պարբերաբար աղմկել է, հայհոյել և իր վարքագծով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին, մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։
Դեկտեմբերի 6-ի երեկոյան ոստիկանները Գասպարիին ուժով հեռացրել էին տեղամասից։ Epress.am֊ի հետ հեռախոսազրույցում նա պատմել էր, որ առավոտից իր կողմից դիտարկվող թիվ 9/16 և 9/15 ընտրատեղամասերում մասսայական կեղծիքներ էին գրանցվում, որոնք նա անընդհատ արձանագրում էր․ «Տեղամասերում կողմնակի անձինք էին կուտակվում, մարդկանց մեքենաներով էին բերում․․․ օրինակ, երեք հոգի տեղեկանքներով էին եկել, երբ փորձեցի ստուգել անձնագրային տվյալները, վազելով փախան։ Իրենց գլխավոր նպատակն ընթացքն ուղղորդելն էր»։
Քննչական կոմիտեն քրգործը հարուցել է Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։ Այս հոդվածով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 200֊պատիկից 400-պատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով։
Լուսանկարում՝ Գասպարիի դեմ հաղորդում ներկայացրած 9/15 տեղամասի նախագահը